Հասարակություն

Նման ոճրագործություն կատարած ավազակին ներում չկա. Չիլինգարով

Հայտնի բևեռախույզ, Արկտիկայում և Անտարկտիկայում ՌԴ նախագահի՝ միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը և ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը երեկ ծաղիկներ են դրել Գյումրիում զոհված Ավետիսյանների ընտանիքի գերեզմանին, փոխանցում է РИА Новости-ն։

«Լինելով Հայաստանում, մենք չէինք կարող Դմիտրի Կիսելյովի հետ չայցելել Գյումրի և չհայտնել մեր վիշտն ու համերաշխությունը։ Սարսափելի ողբերգություն։ Դա իրականացրած հանցագործին ներում չպետք է լինի։ Մենք, որպես Ռուսաստանի ներկայացուցիչներ, պետք է ընդգծենք, որ, լինելով այստեղ այս դժվարին պահին, Հայաստանի հետ ենք։ Ես հասկանում եմ, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք, սակայն մենք պետք է ավելի շատ շփվենք, ավելի շատ հանդիպենք։ Մենք գիտենք՝ ինչպես են հայերը վերաբերվում ռուսներին և ինչպես՝ ռուսները հայերին։ Դա մենք պետք է պահպանենք բոլոր մակարդակներում։ Կարծում եմ՝ շատ կարևոր են մարդկային հանդիպումները»,- ասել է Չիլինգարովը։

Կիսելյովն իր հերթին նշել է, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունն իրեն հանգիստ չի տալիս։ «Ես շատ հայ ընկերներ ունեմ։ Ռուսների համար հատկապես ծանր է, քանի որ մեզ վրա է դրվում լրացուցիչ ծանրություն։ Բողոքի զգացողություն է առաջանում, և այդ հանցագործությունն իրականացնողից զատվելու ցանկություն։ Քանի որ Պերմյակովը ռուս է»,- նշել է լրագրողը։

Նրա խոսքով՝ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան վիշտն օգտագործել իրենց շահերի համար, կարծում է Կիսելյովը։

Խոսելով որոշ անհագստությունների մասին, որ հետաքննությունը դանդաղ է ընթանում, նա նշել է, որ նման սպանությունները  1-2 ամսվա ընթացքում չեն հետաքննվում:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետ` յոթ օր անց մահացել: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Back to top button