Տնտեսական

Վրացական լարին կտրուկ անկում է արձանագրել

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Վրաստանը՝ տնտեսական շոկի մեջ. այս օրերին Վրաստանում լարիի կտրուկ անկում է գրանցվել. Կառավարությունը պնդում է, որ փոխարժեքի վրա արտաքին գործոններն են ազդում, իսկ  ընդդիմությունը կարծում է, լարիի անկումը կառավարության ձախողված քաղաքականության հետևանքն է:

 
Դոլարի նկատմամաբ  ազգային արժույթի` լարիի փոխարժեքը սկսել էր ակտիվորեն նվազել դեռ անցյալ տարեվերջին. այն ժամանակ երբ կտրուկ անկում էր գրանցում ռուսական ռուբլին, ինչպես նաև հայկական դրամը:  Սակայն ի տարբերություն Ռուսաստատնի ու Հայաստանի, Վրաստանում  լարիի տատանումը այնքան էլ մեծ իրարանցում չէր առաջացրել այն ժամանակ.  բացի այդ երկրի կառավարությունն էլ հուսադրել էր, որ  ազգային փոխարժեքին ոչինչ չի սպառնում: «Տարածաշրջանում, հարևան երկրներում բարդ տնտեսական ու քաղաքական իրադրություն  է, ինչը չի կարող չազդել  մեր տնտեսության վրա»,- ասել էր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անցյալ տարեվերջին:  Սակայն վերջին մի քանի  օրերի ընթացքում  լարիի փոխարժեքը նվազել է 20%-ով:

«Վրաստանը տնտեսական շոկի մեջ է: Դա արտահանման, դրամական փոխանցումների ու զբոսաշրջության ծավալների կրճատման հետեւանք է»,-խոստովանել է կենտրոնական բանկի նախագահ Գիորգի Կադագիձեն:

«Իհարկե սա ճգնաժամ է. այն ինչ ես երեկ կարող էի գնել  8 լարիով, այսօր  գնում եմ տասով: Ամեն ինչի գներն են բարձրացել»,- ասում է 60-ամյա Դալին:

30-ամյա Վաժան նշում է. «Մենք այսօր մեզ զրկում ենք ամենահրաժեշտ իրերից:  Այն  ժամանակ երբ լարին սկսեց նվազել, արդեն պարզ էր, որ երկրում ֆինանսական ճգնաժամ է սկսվում»:

Երկրի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Կախա Կալաձեի խոսքով ստեղծված վիճակը կարելի է անվանել «վալյուտային ճգնաժամ»: Սակայն նա միևնույն ժամանակ նշում է, որ   որոշ փորձագետներ ու լրատվամիջոցներ օգտվելով առիթից ավելի են ուռճացնում իրականությունը:

«Մենք պետք է գնահատենք ու հաշվի առնենք տարածաշրջանում ու ողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները:  Օրինակ Ինչ վիճակ է մեր հարևան եկրներում, ասել է  փոխվարչապետը, վստահեցնելով, որ կառավարությունը  մշակած ծրագիր ունի, թե ինչպես կայունացնել  լարիի փոխարժեքը»,-հայտարարել է Կալաձեն:

Իրականացվող քայլերից մեկը կլինի վարչական ծախսերի կրճատումը: Բացի այդ, Կալաձեի խոսքով վերանայվում է  գազի ու էլեկտրականության սակագների բարձրացման հարցը:

Սակայն այս ամենը առաջացրել է բնակչության դժգոհությունը: Մի խումբ կազմակերպություններ  բողոքի ակցիաներ են կազմակերպել` պահանջելով կառավարության հրաժարականը: Իսկ նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի կուսակիցները լարիի անկումը կառավարության ձախողված քաղաքականության հետևանք են համարել:

Ի դեպ փորձագետները նշում են, որ  վերջին անգամ լարիի այսպիսի ցածր փոխարժեք 2004 թվականի ապրիլին է գրանցվել:

Back to top button