Կառավարությունն այսօր
Աջակցություն՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին
Հայաստանի կառավարությունը խոստմանը հավատարիմ պետական աջակցություն կցուցաբերի այս տարվա հունվարի 11 լույս 12-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին: Այս նպատակով, գործադիրն այսօր իր ապհուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին 2015 թվականի առաջին եռամսյակում կհատկացնի 6,337.9 հազար դրամ:
Հիշեցնենք, որ 2015թ ՀՀ Տավուշի մարզի տարածաշրջանում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով աշխատանքային խումբ էր ստեղծվել: Տավուշի մարզպետի պատվերով «Գեոպրոեկտ» ՍՊԸ-ն իրականացրել է մարզի Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքարի գնդակոծությունների արդյունքում վնասված գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվություն: Ընդհանուր առմամբ վնասվել է 6 համայնքի 134 բնակչի գույք: Մասնավորապես, ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում գնդակոծությունների հետևանքով տուժել է 66 , Բարեկամավանոում՝ 28 քաղաքացի, Չինարիում՝ 4 քաղաքացի, Կոթիում՝ թվով 31 Բաղանիսում՝ գնդակոծությունների հետևանքով տուժել է թվով 2 քաղաքացի: ՀՀ Տավուշի մարզի Պառավաքար, Կոթի և Բերքաբեր համայնքներում հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է 3 մեքենա, վնասի ընդհանուր չափը կազմում է 778.500 ՀՀ դրամ:
Շուրջ մեկ միլիոն դրամ՝ սահմանամերձ համայնքներին
Մեկ այլ նախագծով էլ 2015 թվականի ՀՀ պետական բյուջեով, որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 928,871.2 հազար դրամ գումար: Այսօր առաջրկավող փոփոխությունը կարգավորում է գումարի բաշխումը սահմանամերձ համայնքների միջև: Գումարը տրամադրվելու է Արարատի ( թվով 1), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց Ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 24) 32 սահմանամերձ համայնքների բնակիչներին: Կառավարությունը գումարը հատկացնում է՝ աջակցելով սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ փոխհատուցելով նրանց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի վարձավճարները, գույքահարկն ու հողի հարկը:
Կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների վճարումը կիրականացվի մեկ պետական մարմնի կողմից
Հայաստանում գործարկվելու է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները:Առաջարկվող փոփոխություններն այսօր կառավարության նիստում ներկայացնելու է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Եվ այսպես, այս տարվա հուլիսի 1-ից, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրելու համար դիմումները ներկայացվելու են միասնական ընդունարաններ: Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում 2015 թվականի հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվելու է էլեկտրոնային համակարգ: Իսկ ահա 2017 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների վճարումը կիրականացվի մեկ պետական մարմնի կողմից:
Ռազմավարություն՝ ՀՀ բուժծառայությունների որակի ապահովման նպատակով
Ռազմավարություն՝ ՀՀ բուժծառայությունների որակի ապահովման նպատակով: Ռազմավարության նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Նպատակը՝ բարձրորակ և արդյունավետ առողջապահական համակարգ ունենալն է, բուժծառայության ոլորտում մատուցվող ծառայությունների պատշաճ մակարդակի և դրանց որակի շարունակական բարելավման ապահովումը: Մասնագիտական հանձնաժողովը պարզելու է՝ արդյո՞ք բժշկական կազմակերպության կողմից մատուցված ծառայությունը համապատասխանում է նախասահմանված որոշակի որակի պահանջներին և չափանիշերին:
Ռազմավարության նախագծում նշված է, որ բուժծառայությունների որակի ապահովման և բարելավման գործընթացները պետք է կրեն ցիկլային բնույթ, լինեն անընդհատ, շարունակաբար վերահսկվեն, և արդյունքները մշտապես գնահատվեն, որպեսզի իրապես տեղի ունենա բուժծառայությունների որակի ապահովում և բարելավում: Կարևորվում է առողջապահական համակարգի բոլոր մակարդակներում թիմային աշխատանքի իրականացումը: Կարևորվելու է կլինիկական աուդիտի կանոնավոր գործընթացի կազմակերպումը: Առողջապահության նախարարությունը նախատեսում է նախաձեռնել բուժծառայությունների, հիվանդների ու բուժծառայություններ իրականացնողների վնասումների մշտադիտարկման և հաշվետվության կանոնակարգեր:
Կհաստատվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի դրամաշնորհային ծրագրերի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը
Կառավարությունը նաև հաստատելու է ՀՀ առողջապահության նախարարության «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը: Դրամաշնորհը հատկացվել է ՀՀ առողջապահության նախարարությանը` աջակցելու Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին: Ծրագրի իրականացման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում նվազեցնել ՄԻԱՎ-ի տարածվածությունը:
Հիշեցնենք, որ օրերս առողջապահության նախարարությունոսւմ տեղի էր ունեցել ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հերթական նիստը, որի օրակարգում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի նոր դրամաշնորհի մշակման աշխատանքային խմբի ստեղծումն էր: Հանձնաժողովը քվեարկությամբ ձևավորել էր աշխատանքային նոր խումբ, որին հանձնարարվել է սերտորեն համագործակցելով միջազգային փորձագետների հետ, սկսել դրամաշնորհային հայտի փաթեթի նախագծի մշակումը։ Փաթեթի նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետում կքննարկվի ՄՀՀ-ի կողմից, կներկայացվի հաջորդ նիստի հաստատմանը և վերջնական տարբերակը 2015թ. ապրիլի 15-ին կուղարկվի Գլոբալ հիմնադրամին։
Մեկ այլ նախագծով էլ հաստատվելու է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը: Բացի այդ, 2015 թվականին նախատեսվում է կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ` տուբերկուլոզային բուժանձնակազմի վերապատրաստման դասընթացների կազմակերպման, տուբերկուլոզի ոլորտում տեխնիկական աջակցության կազմակերպման, ինչպես նաև տուբերկուլոզային հաստատություններից Ազգային ռեֆերենս լաբորատորիա խորխի տեղափոխման և տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մշտադիտարկման (գնահատման) աշխատանքների իրականացման նպատակով:
ԱԳ նախարարությանը կհատկացվի 16,465.0 հազ. դրամ
ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2014թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 277 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Սիրիայում (209 գործ) և Լիբանանում (68 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում` ազգությամբ հայ այն Սիրիայի քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են անձնագիր ստանալու համար: Գործադիրն այսօր ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22 որոշմամբ նախատեսված քաղաքացիներին օտարերկրյա պետություններում վավերական Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2015 թվականի առաջին եռամսյակում կհատկացնի 16,465.0 հազ. դրամ:
Երկու ամսով կերկարացվի հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժշետ իրավական ակտերի երկարացման ժամկետը
Տրանսպորտի ու կապի նախարարությունն այսօր կառավարության առաջարկելու է երկու ամսով երկարացնել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժշետ միջոցառւմների ցանկի ու կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի երկարացման ժամկետը:
Զինվորական ծառայություն չանցած եւ 27 տարին լրացած անձինք կազատվեն քրեական հետապնդում, կվճարեն միայն տուգանք
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խուսափելով քրեական հետապնդումից` չեն վերադառնում Հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն hինգերորդ անգամ օրենսդրական փոփոխություն է կատարվում, որն էլ մեծ խթան է հանդիսանում հազարավոր երիտասարդների վերադարձը Հայրենիք ապահովելու գործում: Հերթական փոփոխությունը արձանագրային է, բայց և կարևոր՝ 2013 թվականի դեկտեմբերի 1 բառերը փոխարինել «2014 թվականի դեկտեմբերի 31» բառերով: Հիշեցնենք, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:
ԵԱՏՄ անդամ երկրից ՀՀ ներմուծված դեղերը և դեղանյութերը Հայաստանում կարող են իրացվել միայն ՀՀ ԱՆ կողմից տրված համապատասխանության հավաստագրի առկայության դեպքում
Կառավարությունն այսօր փոփոխություններ կատարելով իր՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում հաստատելու է դեղերի և դեղանյութերի` Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող երկրից (այսուհետ՝ երրորդ երկիր), ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկիր արտահանման հետ կապված հարաբերությունները: ԵԱՏՄ անդամ երկրից ՀՀ ներմուծված դեղերը և դեղանյութերը Հայաստանի Հանրապետությունում կարող են իրացվել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխանության հավաստագրի առկայության դեպքում: Դեղերի և դեղանյութերի ներմուծման կամ արտահանման հավաստագիրը տրամադրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով դեղը կամ դեղանյութը փաստացի մեկ անգամ ներմուծելու կամ արտահանելու համար: Հայաստանի Հանրապետություն դեղերը և դեղանյութերը (այդ թվում չգրանցված) կարող են ներմուծվել առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխանաբար ներմուծման կամ համապատասխանության հավաստագրերի, եթե դրանք նախատեսված են օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար, «մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ» քանակով, եթե փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ծառայության մեջ գտնվող անձանց և նրանց հետ համատեղ ապրող ընտանիքների անդամների կողմից իրենց անձնական կարիքների համար, Եվրասիական տնտեսական միություն ժամանող փոխադրամիջոցների վարորդների, անձնակազմի անդամների, ուղևորների բուժման համարմիջազգային մշակութային, սպորտային միջոցառումների և միջազգային արշավախմբերի մասնակիցների բուժման համար:
ՀՀ դեղերի և (կամ) դեղանյութերի ներմուծման հավաստագիրը տրվում է մինչև համապատասխան մաքսային հայտարարագրի ներկայացումը` համաձայն Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության: Ներմուծման հավաստագրի կամ համապատասխանության հավաստագրի հայտն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու պահից մինչև ներմուծման հավաստագրի կամ համապատասխանության հավաստագրի տրամադրումը կամ դրա տրամադրման մերժումը կարող է տևել ոչ ավելի, քան 10 աշխատանքային օր` ներառյալ լաբորատոր փորձաքննությունը: Դեղի կամ դեղանյութի որակի հետ կապված խնդիրների և կեղծման կասկածի դեպքում լրացուցիչ լաբորատորային փորձաքննության և արտադրողի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով այն կարող է երկարաձգվել մինչև 20 աշխատանքային օր:
ԵԱՏՄ անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն դեղեր և (կամ) դեղանյութեր ներմուծողը, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, մինչև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն դրոշմապիտակների ստացման հայտ ներկայացնելը դիմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով՝ ներկայացնելով համապատասխան հայտ ու փաստաթղթեր: