ԿարևորՔաղաքական

Հ. Աբրահամյան. Որևէ պաշտոնյայի, քաղաքական գործչի, գործարարի նկատմամբ չունենք որևէ պարտավորություն

lusinevasilyan

Որո՞նք են արագաչափերի դրական արդյունքները
Կա մի ոլորտ , որը նախորդ տարվա ընթացքում  18 տոկոսանոց  աճ է ապահովել: Խոսքը արագաչափերի և տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված խախտումների համար քաղաքացիներից գանձված տուգանքների աճի մասին է:  ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս ցուցանիշը գործադիրի անդամներին հիշեցրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև այլ ցուցանիշ է մեջբերել. ըստ պաշտոնական վիճակագրության ՝  նախորդ տարվա համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը 12 տոկոսով ավելացել է:  Ստացվում է, որ 3 տարիների  ընթացքում 24  մլդ դրամ տուգանքների հավաքագրումից բացի,  այդ սարքերը որևէ դրական տեղաշարժ չեն ապահովել, ասել է պատգամավորը:

Իրավիճակն այնքան սարսափելի չէ, որքան դուք եք ներկայացնում ՝ արձագանքել է արդարադատության նախարարը  և որոշ պարզաբանումներ ներկայացրել: Մարզերում, օրինակ, ըստ նախարարի, պատահարները նվազել են:

Հովհաննես Մանուկյանը նաև այլ տվյալներ է նշել:«2010 թվականից սկսած՝ հաշվառված մեքենաների թիվը Հայաստանում մոտ 150 հազարով ավելացել է: Բնական է, որ ընդհանուր ծավալի ավելացման դեպքում պատահարների, տուժածների ու զոհերի թիվը բացարձակ արժեքով պետք է ավելի մեծ ցուցանիշ արձանագրեր: Կառավարությունը փորձում է  ճանապարհային երթևեկության կանոնների կանոնակարգման  համալիր ծրագիր իրականացնել, քանի որ միայն արագաչափերով խնդիրները լուծել հնարավոր չէ»:

Վարչապետը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կառավարության ղեկավարին ուղղված հարցում այսօր հիշել է Սինգապուրի վարչապետին և կոռուպցիան հաղթահարելու մասին վերջինի հեղինակած  «Սինգապուրյան հրաշք» գիրքը: Իսկ պատգամավորի հարցը վերաբերել է  վերջերս ստեղծված  հակակոռուպցիոն  խորհրդին: «Մինչ այդ էլ մի քանի նման հանձնաժողով ենք ունեցել: Դրանց գործունեության արդյունքում կոռուպցիան չի նվազել: Հիմա բարձրագույն իշխանությանը նոր հանձնաժողով է ստեղծում: Ի՞նչ եք ակնկալում դրա գործունեությանից»:

Պատասխանելով հարցին՝ վարչապետը հիշեցրել  է, որ կառույցի կազմում ընդգրկվելու են նաև հասարակական կազմակերպությունների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, նաև վստահեցրել, որ որևէ կաշկանդվածություն հանձնաժողովը չի ունենալու: « Մենք միասին պետք է վերհանենք այն բոլոր փաստերը, որոնք հիմնավոր են: Որևէ կաշկանդվածություն մենք չունենք՝ որևէ պաշտոնյայի, քաղաքական գործչի, գործարարի նկատմամբ  մենք չունենք որևէ պարտավորություն: Կարծում եմ՝ եթե բոլորս ցանկանանք, այդ հարցին կտանք լուծում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։

Back to top button