Հասարակություն

Հայաստանում ամենաանռողջն են սնվում. փաստում է միջազգային հետազոտությունը

lianaeghiazaryanalisagevorgyan

Հայաստանն անառողջ սնունդ օգտագործելու չափանիշով 187 երկրների շարքում զբաղեցնում է 186-րդ տեղը: Հայ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցները սա համարում են տարիներ շարունակ հնչեցվող իրենց ահազանգերի վերջնական հիմնավորումը: Մինչ Հայաստանի Սննդի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է տարբեր հասարակական կառույցների մտահոգություններն անհիմն համարել, այդ խնդիրների մասին փաստում են միջազգային ուսումնասիրությունները:

 

 

Հայաստանը գլխավորում է ամենաանառողջ սննդակարգով 197 երկրների ցուցակը: Սա պարզել է միջազգայնորեն հայտնի  Global Burden of Diseases Nutrition and Chronic Diseases Expert Group՝ NutriCoDE կազմակերպությունը: Վերջինիս  հետազոտության շրջանակներում ընդգրկվել է 4.5 մլրդ չափահաս մարդ՝ մոլորակի բնակչության 90 տոկոսը: Ուսումնասիրվել են վերջին 20 տարվա միտումները: Պարզվել է, որ, բարեկեցությունն ու գնողունակությունը անմիջական կապ չունեն լավ սնվելու հետ: Բոլորից վատ մարդիկ սնվում են այնպիսի երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ն, Կանադան, Նոր Զելանդիան: Այնտեղ, ի տարբերություն ասիական եւ աֆրիկյան երկրների, մարդիկ նախընտրում են սնվել ոչ այնքան օգտակար ֆասթ-ֆուդով: Բելգիան եւ Հունգարիան այդ ցուցակում զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղը: Իսկ ահա ամենալավ սնվող երկրների եռյակը կազմել են Չադը, Սիերա-Լեոնեն եւ Մալին: Ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել այդքան վատ հորիզոնականում:

Ըստ գիտնականների,  առողջ սննդակարգը ենթադրում է մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի օգտագործում: Իսկ ահա անառողջ է համարվում այն սննդակարգը, որը ներառում է ֆասթ-ֆուդը, կոնսերվացված ու տապակած սնունդը: Ինչու է Հայաստանը գլխավորում ամենաանառողջ սննդակարգով 197 երկրների ցուցակը: Հարցի պատասխանը մեծածավալ հետազոտության մեջ փնտրել է «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել ներկրվող, իրացվող եւ արտահանվող սնունդը, ինչպես նաեւ, թե երկիրն ինչպիսի սոցիալական վիճակում է գտնվում:

Ինչ է հայ քաղաքացին այսօր ամենաշատն ուտում: Նախ՝ երշիկեղեն: Ինքնին երշիկն օգտակար բան չէ, իսկ երբ այն արտադրվում է ներկրված, երբեմն անորակ գոմեշի մսից, խնդիրն արդեն լրջորեն սրվում է: Մինչ աշխարհը դեմ է արտահայտվում հորմոններով հագեցված, արհեստականորեն ուռեցված հավի մսին, Հայաստանը շարունակում է հարյուրավոր տոննաներով հենց այդպիսի հավի միս, օրինակ, Կանադայից, ներկրել ու սպառել: Մասնագետները չափել են նաեւ սննդակարգում հագեցած եւ չհագեցած ճարպերի քանակը: Մենք շատ ենք շաքար օգտագործում, ինչն ավելորդ կալորիա է մեզ համար, յուղ ենք շատ սպառում՝ խոլեստերինի առաջացման ողջ վտանգով հանդերձ, հացակեր ենք շատ: Քիչ ենք օգտագործում լոբազգիներ, ինչը խիստ անհրաժեշտ է, կաթնամթերքը ստորադասում ենք երշիկեղենին, ընդ որում՝ կաթնամթերքի որակն էլ իր հերթին է խիստ կասկածելի:

Ֆասթ ֆուդն ու գազավորված ըմպելիքը գնալով ավելի են հիմնավորվում մեր սննդակարգում: Առանձնապես վտանգավոր են ձեթի մեջ տապակված տարբեր ուտեստները: Թվարկված խնդիրների շարքը շարունակում է «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:  Մեր երկրում դիետիկ սնունդ գոյություն չունի:

Բաբկեն Պիպոյանը համոզված է՝ այս խնդիրների հիմքում պետական համապատասխան կառույցների վատ աշխատանքն է: Սննդի անվտանգությամբ զբաղվելը սիրողական գործ չէ, սակայն այդ առաքելությունը ստանձնած պետական ծառայությունը ղեկավարում են այդ մասնագիտությունից  բացարձակապես հեռու մարդիկ. պնդում է նա:

Վերադառնալով Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատանքին՝ փոխանցեմ կառույցի պատասխանատուների դիտարկումներն ու պնդումները Հայաստան ներկրվող մթերքի որակի մասին: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ անվտանգության մակարդակը գրեթե հարյուրտոկոսանոց է: Ընդ որում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո անվտանգության նոր չափորոշիչներն այժմ որոշ դեպքերում ավելի խիստ են, քան Եվրամիության տարածքում գործողներն են, քանի որ խոսքն արդեն ոչ թե հայաստանյան 3 մլն-անոց շուկայի մասին է, այլ 300 մլն-ից ավելի միութենական շուկայի: Իսկ երբ հերթը հասնում է խնդիրներին, Սննդի անվտանգության պետական ծառայությունում որպես խնդրի հասցեատեր մատնանշում են մաքսային ծառայությանը:

Շեշտեմ, որ «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նախկինում հենց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում էր աշխատում: Եւ այդ կառույցի պաշտոնյայի հավաստիացմանն ի պատասխան՝ շեշտում է՝  փաստաթղթերով, այո, անվտանգ մթերք է ներկրվում, բայց միայն փաստաթղթային ձեւակերպումներով անվտանգ:

Ի վերջո՝ ստացվում է, որ, ցավոք, միջազգային հետազոտությունը գալիս է հաստատելու սպառողների շահերի պաշտպանների բոլոր մտահոգությունները:

Back to top button