Ներառական կրթությանը խթանելուն ուղղված ծրագիր՝ Հայաստանում
Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է բարձրագույն կրթության ներառականության վերաբերյալ ուսումնասիրություն: Ներառական բարձրագույն կրթության մատչելիության հիմնական խոչընդոտները վեր հանող ուսումնասիրությունը «Ունիսոն»ՀԿ -ն իրականացրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Զեկույցում ներկայացված են Երևանից, Գյումրիից և Վանաձորից 29 բարձրագույն ուսումնական հաստատություններում կատարված ուսումնասիրությունները: Որքանով են բուհերը ֆիզիկապես հասանելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, որքա՞ն են այդ բուհերում կազմում հաշմանդամ ուսանողների և դասախոսների թիվը և նման այլ հարցերն է վերհանել հասարակական կազմակերպությունը:Այս հետազոտությամբ հասարակական կազմակերպությունն առաջարկում է մշակել ներառական կրթությանը խթանելուն ուղղված ազգային ծրագիր:
«Ունիսոն» ՀԿ-ն իրականացրել է հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթական մատչելիության հիմնական խոչընդոտները վերհանող հետազոտություն, որով էլ առաջարկում են ներառական կրթությանը խթանելու համար մշակել ազգային ծրագիր, որը կապահովի հաշմանդամության ցանկացած տեսակ ունեցած անձանց ներգրավվածությունը բուհական բոլոր գործընթացներում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյ:
«ԵԱՀԿ –ն պատրաստ է սատարել այս նախաձեռնությանը»:
Ուսումնասիրություններն անցկացվել են մայրաքաղաքի և երկու մարզերի՝ Գյումրու ու Վանաձորի 29 բուհերում: Արդյուքները ցույց են տվել, որ ուսումնական հաստատություններից միայն մեկը՝ Ամերիկյան համալսարանն է ֆիզիկապես հասանելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:
Անհրաժեշտ է ունենալ քաղաքական կամք, պնդում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը և ակնկալում ներառական կրթությունը բարելավելուն ուղղված նման դրսևորում: Կրթության հասանելիության հավասար պայմանների ստեղծումը կարևոր պայման է գործունակ հասարակության, կայուն տնտեսության զարգացման, ինչպես նաև երկարաժամկետ անվտանգության ապահովման հարցում, նշում է Մակքոյը:
«Թերությունների գիտակցումն ու փոփոխություններ մտցնելու պատրաստակամությունն արդեն մեծ քայլ է»:
Ներառական կրթությունը ուսանելու հնարավորություն է տալիս բոլոր նրանց, ովքեր ունեն սովորելու ներուժ: Սակայն Հայաստանում այս հարցում կարծրատիպերը տարբեր են: Եթե եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում կան դաունի համախտանիշով հիվանդ դասախոսներ, ապա Հայաստանում այդպես չէ: Մեզ մոտ, եթե ունես հաշմանդամություն, ապա պետք է նստես տանը սկզբունքն է գործում, ասում է Արմեն Ալավերդյանը: Եթե ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ստանալ բարձրագույն կրթություն, ապա մտավոր խնդիրներ ունեցողների մասին խոսք լինել չի կարող: Ապացույցը՝ 29 բուհերից 7-ում կատարված հետազոտությունների արդյունքներն են:
ԵԱՀԿ- երևանյան գրասենյակն ակնկալում է կրթության և գիտության նախարարության օժանդակությունը հաշմանդամների առջև ծառացած մարտահրավերներին լուծումներ տալու համար: