Քաղաքական

Ճգնաժամը կառավարմա՞ն, թե՞ քաղաքական համակարգում է

lusinevasilyan
Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծի շուրջ իրենց դիրքորոշումներն են հայտնել խմբակցությունները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորների այն դիտարկմանը, թե ճգնաժամը ոչ թե կառավարման համակարգում է, այլ՝ ընդդիմադիր դաշտում:

« Ընդդիմությունը հիվանդ չի, եթե հիվանդ է, ապա բոլորս ենք հիվանդ: Հիվանդ են բոլոր նրանք, անբուժելի հիվանդ, ովքեր ստեղծված վիճակի մեջ մեղադրում են ընդդիմությանը»:

Այս որակումները հարիր չեն խորհրդարանին՝ ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով ՝ երկրում ստեղծված իրավիճակը ճիշտ ախտորոշման և ծրագրային լուծումների կարիք ունի: Դաշնակցական պատգամավորը  ընդդիմադիրներին հորդորել է հստակեցնել առաջարկվող  լուծումները, իսկ իշխանություններին՝ ճշմարտությանը նայել բաց աչքերով:

«Չիշտ չէ այն մոտեցումը, որ եթե ընդդիմության մի մասը փաստաթուղթ է ներկայացրել, պետք է քլնգենք, հայհոյենք, ասենք ՝ ընդդիմությունն է հիվանդ: Այս մոտեցումները հարիր չեն օրենսդիր ներկայացուցչական մարմնին: Երկրում լուրջ խնդիրներ կան, և իրականությանը պետք է նայել բաց աչքերով»:

Դուք գնում եք բոլշևիզմի ճանապարհով ՝ դիմելով խորհրդարանական մեծամասնությանը, ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա ձևակերպմամբ՝  Հայաստանում ճգնաժամին բնորոշ  իրավիճակ է՝ ժողովուրդը դժգոհում է, իսկ իշխանություններն անկարող են:

Քննարկման նյութ փաստաթղթում չկա՝ անդրադառնալով հայտարարությանը ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա էլ իր հերթին է ՀԱԿ-ին  մեղադրել  ոչ թե ծրագրերով, այլ քաղաքական վրեժխնդրությամբ առաջնորդվելու մեջ և հայտարարել. քաղաքական իմաստով ընդդիմություն Հյաստանում գոյություն չունի:

Կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծի քննարկումը՝ ավելի քան մեկ օր, խորհրդարանում ընթացավ առանց ԲՀԿ-ական պատգամավորների, թեև փաստաթղթի տակ նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունն է: Քննարկումն ըստ էության վերածվեց բանավեճի ՝ ճգնաժամը կառավարման, թե քաղաքական համակարգում է:

Back to top button