Հասարակություն

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի ղեկավարը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հովիկ Աբրահամյանն արդյունավետ և բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակությունը:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է նոր խորհուրդ, որը գործելու է բաց և թափանցիկ և իր ուշադրության կենտրոնում է պահելու կոռուպցիոն դրսևորումների դեմ քայլերի իրականացման աշխատանքները: Կառավարության ղեկավարը նշել է, որ նոր խորհրդի կազմում ընդգրկվել են նաև քաղաքացիական հասարակության, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սյուզան Ֆրիցը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՀՀ կառավարության  հետ և օժանդակելու է տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը: Տիկին Ֆրիցը ողջունել է նման կազմով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը և վստահություն հայտնել, որ այն կաշխատի արդյունավետ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Back to top button