Քաղաքական

4 կողմ, 68 դեմ. Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ նախագիծը օրակարգ չմտավ

lenabadeyan

4 կողմ, 68 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր խորհրդարանը մերժել է օրակարգ մտցնել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագիծը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ: Դեմ քվեարկողների մեջ էր նաեւ ՀԱԿ խմբակցությունը: Լեւոն Զուրաբյանն այս որոշումն այսպես է պարզաբանել:

«Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը մեզ համար ընդունելի չէ, ուստի չենք մասնակցելու քվեարկությանը: Ժամանակին ՀԱԿ- ը՝ նաև Փաշինյանի մասնակցությամբ ներկայացրել է Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ հռչակագիր, որում մանրամասն ներկայացված են եղել բոլոր իրավաբանական հիմնավորումները: Սակայն մեզ համար անընդունելի է, որ այսօր այս նախաձեռնության հեղինակը իր նախագծում այդ հռչակագրի դրույթները չի ներառել, և առանց իր խմբակցության հետ կոնսուլտացիաներ անցկացնելու ներկայացրել է նման իրավաբանորեն անգրագետ նախագիծ»,- հայտարարեց Զուրաբյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ ՀՅԴ-ն քվեարկությանը չի մասնակցելու:

Ընդդիմադիր բոլոր գործընկերներին էլ հետեւյալ հորդորով  դիմեց Ալեքսանդր Արզումանյանը:

«Ես գտնում եմ, որ սա պատեհ առիթ է, որ այն ուժերը, որ հրապարակներում խոսում են իշխանափոխության մասին, ցույց տան իրենց մոտեցումը: Սա է քաղաքական մարմինը, որտեղ նման հարցեր են քննարկվում: Ես կողմ եմ քվեարկում, քանի որ գտնում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի ցանկացած փաստաթուղթ առաջ քաշի: Կհամաձայնենք, չենք համաձայնի՝  քննարկումը ցույց կտա: Բայց ամիսներ շարունակ փողոցներում ասել պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ այստեղ ասել, որ ժամանակավրեպ է… Դե մյուս ընտրություններին գնացեք, նոր ասեք պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը»:

Բոլոր ասածները, հայտարարությունները, կոչերը եւ հորդորները լսելուց հետո նախագծի հեղինակ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում հայտարարել է. «Նախագիծը արդեն մի քանի ամիս շրջանառության մեջ է, եւ  նախագծի վերաբերյալ ոչ մի առաջարկություն չի ստացվել»:

Ի դեպ, խորհրդարանում այսօր քննարկումները բուռն էին նաեւ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի առնչությամբ: Հիշեցնենք՝ պատգամավորը նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ կդատապարտվի Օսմանյան Կայսրությունում այլ ազգերի հանդեպ կատարչված Ցեղասպանությունը: Հարցի առնչությամբ առաջացել են պատմական անհամաձայնություն եւ անճշտություններ, ուստի խորհրդարանը նաեւ այս հարցն է հրաժարվել մտցնել օրակարգ:

Եվս մեկ քվեարկության մասին:

86 կողմ, 6 ձեռնպահ, 0 դեմ քվեարկությամբ այսօր ԱԺ-ն ընդունել է նաև որոշման նախագիծ, ըստ որի ԱԺ քառօրյայի՝ մարտի 16-ից 19-ի նիստերը կտեղափոխվեն մարտի 23-ից 26-ը: Տեղափոխման պատճառն այն է, որ այդ օրերին սկսում է Եվրանեստի խորհրդաժողովը:

Back to top button