Հասարակություն

Խրամորթցիների հիշողություններում 27 տարի առաջվա դեպքերը չեն ջնջվում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

1988-ի փետրվարի  22-ին Աղդամից խաժամուժը շարժվեց դեպի Ստեփանակերտ՝ անհնազանդություն ցուցաբերած հայերին պատժելու համար:  Ասկերանի մատույցներում դիմադրության հանդիպելով՝ ադրբեջանցիները նահանջեցին, իսկ մոտակա հայկական բնակավայրերի բնակիչների համար ինքնապաշտպանությունը դարձավ օրախնդիր: Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը Աղդամին սահմանակից էր: Հարևանների թշնամանքը զգացին առաջին իսկ օրերից: Իսկ 1992 թվականի  նոր տարին դիմավորեցին ադրբեջանական գրոհի վտանգի տակ:

 

 

Զրահատեխնիկան գյուղ մտավ  հունվարի առաջին օրը: Պաշտպանվեցին, բայց ստիպված էին նահանջել: 86-ամյա Լարիսա Սահակյանը հիշում է՝ փախուստի ճանապարհին ստիպված էր ընտրություն կատարել թոռների և 90-ամյա կեսրոջ միջև: Ընտրեց թոռներին: Գաղթի ճանապարհին ընտանիքին հասած զինվոր որդին նաև տատիկին բերեց: «Մեղքի տակ չընկանք»,- ասում է տիկին Լարիսան: Մեկ օր անց գյուղն ազատագրվեց: Այն ամբողջությամբ ավերված էր: Գործել էր հրետանին, զրահատեխնիկայի  հետ գյուղ մտած խուժանը  պայթուցիկ շշեր էր բերել: Հիշում է խրամորթցի Գալուստ Գալստյանը:

Գյուղը մեկ ամիս անց դարձյալ գրավվեց, ազատագրեց մոտ մեկուկես տարի հետո: Վերադարձած գյուղացիները ավերակների տեղում նորից տուն կառուցեցին: Զինադադար ասվածը բազմաթիվ մարտերի միջով անցած Գալուստ Գալստյանի պատկերացմամբ ինչ-որ օտար մի քաղաքում ստորագրված ու մոռացված փաստաթուղթ է:

Նոր պայմանավորվածությունների չի հավատում: Պատճառը սահմանին հնչող կրակոցներն են և Ադրբեջանի ղեկավարության կեցվածքը: Լարիսա Սահակյանն արդեն 86 տարեկան է: Ապրում է որդու ընտանիքի հետ: Ասում է՝ գիշերն աչք է փակում, առավոտյան բացում խաղաղության մասին  աղոթքով:

«Այսօրվա ունեցածը խաղաղություն չէ»,-ասում է: Բայց և չի հավատում  խաղաղության այն հեռանկարին, որի մասին  խոսում են. երկու հարևանների միջև վստահություն չկա, ասում է մատնացույց անում տնից քիչ ներքև աղբյուրը, որտեղ խորհրդային տարիներին ադրբեջանցիները բանջարեղեն էին վաճառում, իսկ  92-ին 12  մարդ են  սրի քաշել, այդ թվում նաև իր հարազատներին: Նախկին հարևաններին նորից գյուղում և ընդհանրապես Արցախում տեսնել  խրամորթցիները չեն ուզում:

Back to top button