Հասարակություն

Կառավարությունը գյուղվարկերի ավելի մեծ մասն է սուբսիդավորում եւ ջրի ոլորտի նոր կառավարիչ է փնտրում

lianaeghiazaryan
Հայաստանում ջրի կառավարման ոլորտում փոփոխություններ են սպասվում : Կառավարությունը նոր կառավարիչ է փնտրում Հայաստանում ջրամատակարարման ոլորտը սպասարկող կազմակերպությունների գույքը հավատարմագրային կառավարման տալու նպատակով: Գործադիրը որոշել է ավելացնել գյուղացիական տնտեսություններին աջակցության ծավալը : Գյուղվարկերի տոկոսադրույքն այսուհետ կսուբսիդավորվի ոչ թե տարբերակված 4 եւ 6, այլ համատարած՝ 6 տոկոսով : Այս տարվա  գյուղացիական վարկերը կտրամադրվեն մարտի  15-ից մինչև  դեկտեմբերի 31-ը:

 

 

Կառավարությունը ծրագրում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալների ավելացում: Սա հնարավորություն է ստեղծում տարբերակված 4 և 6 տոկոսի փոխարեն հանրապետության բոլոր համայնքների համար կիրառել վարկերի տոկոսադրույքների 6 տոկոսային կետի սուբսիդավորում: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան:

Գյուղոլոր­տին տրա­մադրվող վարկերի տոկոսա­դրույքները սուբսիդավորվում են 2011 թվականից: 14 տոկոս տոկոսադրույքով տրամադրվող վարկերի 4, իսկ հանրա­պետու­թյան առավել կարիքավոր 225 համայնք­ների համար 6 տոկոսային կետը սուբսի­դավորվել է։ Մինչեւ անցյալ տարեվերջ գյու­ղա­տնտեսությունում տնտես­վա­րող­ներին տրա­մադրվել է 69 մլրդ դրամի 77.5 հազար միավոր վարկ, որից օգտվել է 10 մարզ: Ընդհանուր առմամբ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավոր­ման գումարը կազմել է 2.40 մլրդ դրամ:  Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը՝ արդեն այս տարվա բյուջեում նշված նպատակի համար հատկացվող գումարն ավելացել է 33.3%-ով:

Դրա արդյունքում հանրապետության բոլոր համայնքների համար գյուղվարկերի տոկոսադրույքից 6 տոկոսային կետը կսուբսիդավորի պետությունը: Վարկերի վերջնական տոկոսադրույքը կկազմի 8 տոկոս: Ի դեպ՝ փոխվել է նաեւ սուբսիդավորում իրականացնող պետական հիմնարկը:  «Գյուղական ֆինանսա­վորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի փոխարեն այդ իրավասությունը դրվել է ՀՀ կառավարու­թյան աշխա­տակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագ­րերի իրակա­նացման գրասենյակ»-ի վրա:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ ծրագրում է միացնել «Հայջրմուղկոյուղի» եւ «Երեւանջուր» ընկերությունները եւ դրանց ենթակառուցվածքներն ու գույքը համատեղ տալ հավատարմագրային կառավարման: Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումներին վերագրվող փոփոխությունները կյանքի կոչելու նպատակով կառավարությունը կստեղծի

միջգերատեսչական հանձնաժողով: Այդ հանձնաժողովն էլ հենց պետք է ընտրի խմելու ջրի ոլորտում գործող օպերատորների՝ «Հայջրմուղկոյուղի», «Երեւանջուր», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «ՆորԱկունք» ընկերությունների կողմից սպասարկվող գույքի վարձակալ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի պարզաբանումը:

Back to top button