Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի՝ Ադրբեջանը նոր մարտավարություն է որդեգրել՝ անցել է երկարատև հյուծող պատերազմի: Պաշտպանության բանակի հրամանատարի գնահատմամբ՝ 2014 թվականը և 2015 թվականի սկիզբը շփման գծում լարվածության առումով առանձնահատուկ էին: Եթե 2013 թվականին հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ չի կատարել, իսկ ահա 2014-ին եղել է 19 փորձ, ապա այս տարվա երկու ամսվա ընթացքում 24 նման փորձ ից 9-ի դեպքում է հակառակորդին հաջողվել ներթափանցել պաշտպանության խորքը:
Սակայն սա չի խոսում հակառակորդ բանակի պատրաստվածության մակարդակի մասին: «Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիվերսիոն գործողություններն իրականացվել են մեկ ստորաբաժանման միջոցով, որը պատրաստություն է անցել Թուրքիայում»։
Այդ հատուկ ջոկատայիններին արցախյան դիրքերում արժանի հակահարված են տվել ժամկետային զինծառայողները: Ցավոք՝ մարտական առաջադրանքները կատարելիս այդ դիվերսիաների ժամանակ նաև կորուստեր ենք ունեցել: ԼՂՀ ՊԲ հրամանատարի խոսքով՝ մեկ դեպքի ժամանակ մեկ զինվոր ենք կորցրել, մեկ այլ դեպքում՝ հակառակորդի ներթափանցման ժամանակ ականապատված տարածքների ականազերծման ընթացքում վիրավորվել է երեք զինծառայող:
Դիվերսիաների քանակի և հրադադարի խախտման դեպքերի ավելացումը Արցախի ՊԲ հրամանատարին հուշում է հակառակորդի ընտրած նոր մարտավարության մասին, դրանով ադրբեջանական հանրության առջև հաշվետվություն են ներկայացնում և միջազգային հանրությանն են շանտաժի ենթարկում, բայց, իհարկե, այն առաջին հերթին հայկական կողմին է ուղղված: «Խնդիրը մնացել է նույնը՝ ցանկացած տեղում հային վնաս պատճառել՝ հասկանալով՝ ինչ արձագանք են ունենում մեր կորուստները հասարակության մեջ։ Երկրորդ՝ փորձում է ՀՀ- ին եւ ԼՂՀ- ին ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ, ներազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա եւ նպաստել արտագաղթին»։
Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմին համարժեք պատասխան տալու համար պաշտպանության բանակում էլ որոշումներ են փոփոխվել, նաև կատարելագործվել է սպառազինությունը, զորքի մարտունակության աստիճանն է բարձրացվել: Առաջին դիրքում վերջին նորամուծությունները մեկ-երկու ամսվա թարմություն ունեն:
Պաշտպանության բանակի հրամանատարը, սակայն, կարծում է, որ առաջնագծում ամեն ինչ նախ և առաջ զինվորի աչալրջությունից և մարտական ոգուց է կախված:
Հենց դա էլ պաշտպանության բանակին հնարավորություն է տվել 2014թ կատարել իր առջև դրված խնդիրը՝ապահովել Արցախի անվտանգությունը: