Քաղաքական

Գ. Իսագուլյան. Փոխհամաձայնության գնալն ընդդիմության դիրքերի թուլացում չէ

lianaeghiazaryan

Ընդդիմությունն այսօր ոչ թե դիրքերը զիջել է, այլ հարաբերական զինադադարի է անցել իշխանության հետ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: «Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը պետք է բոլորս ողջունենք: Եթե ավելի հեռուն ու խորը նայենք, չենք հայտարարի, թե, տեսա՞ք, Ծառուկյանին կանչեցին, վախեցրին: Ծառուկյանը շատ խելացի քայլի դիմեց»,-հայտարարել է Իսագուլյանը:

Իսկ ո՞վ ասաց, որ իշխանության հետ որոշակի փոխհամաձայնության գնալն ընդդիմության դիրքերի թուլացում է նշանակում: Լրագրողների հարցին այսօր հարցով է պատասխանում Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Ներքաղաքական լարվածության մեղմման քայլին դիմելը Իսագուլյանը համարում է ճիշտ քայլ, վստահ է, որ անգամ, իր ձեւակերպմամբ, ՀՀԿ-ԲՀԿ «հրադադարի» պայմաններում Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ ընդդիմության լիդերի դիրքերում:

Հայաստանում իշխանափոխությունը՝ լինի հեղափոխության միջոցով, թե արտահերթ ընտրությունների, շարունակում է գործնականում էլ մնալ հնարավոր: Որքանով, տոկոսային հավանականությունը Իսագուլյանը դժվարանում է գնահատել, բայց մյուս կողմից էլ շեշտում է՝ պետք է մտածել, թե հավանականը որքանով է նպատակահարմար գոնե այս պահին:

Միանշանակ է, որ դրան չպետք է գնալ բախման ճանապարհով, այնինչ՝ այս պարագայում էլ դեմ ենք առնում իշխանության ձեւավորած վատ ավանդույթին, երբ իշխանական լծակներն են գործի դրվում ընդդեմ ընդդիմադիր գործիչների:

Գառնիկ Իսագուլյանը գնում է նաեւ այն խոսակցությունների հետքերով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման ակունքներում եւ Գագիկ Ծառուկյանի թիկունքում Հայաստանի երկրորդ նախագահն է՝ Ռոբերտ Քոչարյանը: Նման բան չկա: Իր այս պնդումը նա հիմնավորում է իրեն հայտնի տեղեկություններով, որոնք, սակայն, այդպես էլ չի փոխանցում:

Ազգային անվտանգություն կուսակցության նախագահի համար ամենեւին էլ խորթ չէ այն, որ քաղաքական լարվածության այս պահին հանրապետության առաջին նախագահը երրորդին հանդիպման առաջարկ է ներկայացնում, գուցե նաեւ հանդիպում: «Սա ամենեւին էլ դաշույնով հարված չէ թիկունքին»,- ասում է Իսագուլյանն ու փոխանցում իր մեկ այլ դիտարկումն էլ:  Ընդդիմությունն այսօր ոչ թե դիրքերը զիջել է, այլ հարաբերական զինադադարի է անցել իշխանության հետ: Սա կարեւոր է այն առումով, որ երկրում նոր խնդիրներ են արմատավորվում:

 

Back to top button