Հասարակություն

Համագործակցությունը կառուցողական է. ՀԿ- ները ԱՆ մասին

 

lusinevasilyan

«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրինագիծը գործողի համեմատությամբ թե դրական, թե  բացասական կողմեր ունի. որոշ դրույթներ իրապես բարելավվել են, որոշներն էլ ավելացրել են ռիսկերն ու վտանգները. Արձանագրել են քաղաքաքացիական հասարակաության ներկայացուցիչներն այսօր հրավիրված քննարկման ժամանակ:  «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրինագիծն  առայժմ հանրային քննարկման փուլում է։ Լրամշակման ուղղությամբ արդարադատության նախարարություն հետ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ կառուցողական են գնահատում, բայց  մտահոգություններ դեռ ունեն:

Այն հարցում, որ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող և 2011-ից գործող  օրենքը նորով փոխարինելու անհրաժեշտություն կա, պետությունը և ՀԿ-ները տարաձայնություն չունեն: Տարաձայնություններն այն հարցում են , թե որ կետերն ու ինչպես պետք է վերանայվեն:

Իսկ խնդրահարույց կետերը վերաբերում են մի քանի կոնկրետ հարցերի՝ ՀԿ-ների ֆինանսական կայունություն,  հանրային շահը դատարաններում պաշտպանելու հնարավորության փաստացի բացակայություն, բարեգործական և կամավորական գործունեության կանոնակարգում և, ընդհանարապես, հաշվետվողականության այնպիսի ձևաչափ, որը թույլ տա վերահսկել ՀԿ-ների գործունեությունը, բայց չսահմանափակել նրանց:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի կարծիքով ՝ նոր օրենքը պետք է կառուցվեր ՀԿ-ների գործունեությունն առավելագույնս ազատականացնելու սկզբունքի վրա: Ասել, թե նախագիծը մշակվել է այդ փիլիսոփայությամբ, այնքան էլ ճիշտ չէ: Նախագծի սկզբնական տարբերակը, ըստ Ամիրյանի,  նախատեսում էր դրույթներ, որոնցով գործադիրը ցանկանում էր այսպես ասենք, մասնակից դառնալ ՀԿ-ի գործունեությանը:

«Կարծես թե համաձայնության ենք եկել այն հարցում, որ այդ դրույնթերը նախագծից հանվեն, ինչը չի նշանակում, որ կազմակերպությունները պետք է հաշվետու չլինեն: Մենք, օրինակ, առաջարկում էինք, որ հաշվետվողականության այդ խիստ լծակները օրենքում պետք է ամրագրվեն, բայց այն ՀԿ-ների առնչությամբ, որոնք պետական աջակցություն են ստանում»:

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ղեկավար Միքայել Հովհաննիսյանի ամփոփոմամբ էլ՝  նոր օրինագծով պետությունը բավականին լուրջ  լծակներ էր ստանում ՀԿ-ների գործունեությունը  վերահսկելու համար: Քաղաքացիական հասարակության և արդարադատության նախարարության միջև ընթացող բանակցությունները միտված են, ՀԿ-ների գնահատմամբ, այդ վտանգավոր միտումները վերացնելուն:

Ամենախնդրահարույց հարցերից մեկը  վերաբերում է ՀԿ-ների ֆինանսական կայունությանը: Գործող օրենքով հասարակական կազմակերպությունները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ նոր նախագծով կարող են։ ՀԿ-ների ներկայացուցիչները չեն ժխտում, որ սա ձեռքբերում է ու դրական փոփոխություն, բայց անհամաձայնություն ունեն ձևակերպումների առնչությամբ: Նախագծում սահմանվում է, որ ՀԿ-ները պետք է իրականացնեն ձեռնարկատիրական այնպիսի գործունեություն, որը համապատասխանում է կանոնադրական  նպատակներին:

«Այս ձևակերպմամաբ սահմանափակվում է գործունեության այն շրջանակը, որը կարելի է իրականացնել: Բացի այդ ՝ շատ դժվար է որոշել արդյո՞ք այս ձեռնարկատիրական գործունեությունն ամբողջությամբ համապատասխանում է կազմակերպության կանոնադրական նպատակին: Ստացվումն է, որ պետական մարմինը սահմանելով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորություն, նաև լայն  հայեցողություն է ստանում  մեկնաբանելու համապատասխանությունը կանոնադրական նպատակներին»,- ասում է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը։

Օրենքում նաև իրավական հետևանքներ են նշվում: Մասնավորապես, վարչական պատասխանատվություն է նախատաեսում այն ՀԿ-ների համար, որոնք տարվա ընթացքում առնվազն 3 անգամ ոչ կանոկադրական գործունեություն կիրականացնեն: «Եթե, օրինակ, լիազոր մարմինը որոշի, որ մեր կողմից իրականացվող գործունեությունը չի համապատասխանում մեր կանոնադրական նպատակներին և դա արձանագրի 3 անգամ, սա այլևս հիմք է, որ կազմակերպությունը գնա հարկադիր լուծարման»:

Այս ու մի շարք այլ ձևակերպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջարկում են լրամշակել: Արդարադատության նախարարության հետ մինչ այժմ վարած քննարկումներն ու բանակցությունները ՀԿ-ները կառուցողական են գնահատում: Սա նրանց հուսադրում է, որ խորհրդարանի քննարկմանը կներկայացվի օրինագծի հնարավորինս բարելավված տարբերակը:

Back to top button