ԿարևորՔաղաքական

Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է հանդիպել Սերժ Սարգսյանին

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ է հրապարակել՝ ուղղված Սերժ Սարգսյանին:

Բայց մինչեւ այդ նամակի հրապարակումը  ՀՀ առաջին նախագահը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին նա նյութն ուղարկել է ուղարկել iLur կայքին եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթին՝ մյուս օրն առավոտյան հրապարակելու նպատակով։ Սակայն  երբ փետրվարի 12-ի երեկոյան Սերժ Սարգսյանը հանդես է եկել  Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված իր հայտնի ելույթով, նա  անմիջապես հիշյալ խմբագրություններից հետ է կանչել նամակը, քանի որ ըստ Լ. Տեր-Պետրոսյանի, ստեղծված նոր իրավիճակում դրա հրապարակումը բոլորովին այլ կերպ կընկալվեր։

«Երկար ծանրութեթեւ անելուց հետո, սակայն, ես եկա այն եզրակացության, որ, անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք չունեմ հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին։ Ուստի ուշացած, այնուամենայնիվ, ուզում եմ հասարակության սեփականությունը դարձնել այդ նյութը, որը ես վերնագրել էի «Բաց նամակ Սերժ Սարգսյանին»»,-գրում է ՀԱԿ առաջնորդը ։

Ահա առաջին նախագահի բաց նամակը հասցեագրված Ս. Սարգսյանին.

«Նախեւառաջ ներողություն եմ խնդրում առ այն, որ Ձեզ դիմում եմ ոչ թե խորհրդապահական խողովակով, այլ բաց նամակով, ինչը պայմանավորված է երկու պարզ հանգամանքով.

ա. Այլ կերպ Ձեզ հետ հաղորդակցվելու պարագայում, նկատի առած մեր լուրջ քաղաքական տարաձայնությունները, իմ քայլը, որի էությունը կպարզեմ ստորեւ, զերծ չէր մնա զանազան կասկածներ ու ասեկոսեներ հարուցելու վտանգից։

բ. Նամակիս շարժառիթը վերաբերում է համազգային եւ համապետական նշանակություն ունեցող մի այնպիսի կարեւորագույն խնդրի, ինչպիսին է 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիրը, որն, իմ պատկերացմամբ, վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից։

Երեկ ես մամուլի միջոցով իմ մտահոգություններն էի արտահայտել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ (iLur.am, «Չորրորդ իշխանություն». 11.02.2015), ընդգծելով նրա վերախմբագրման եւ միջազգային իրավունքի նորմերին եւ պետությունների ու ժողովուրդների համակեցության սահմանված կանոններին համապատասխանեցման անհրաժեշտությունը, քանի որ, իմ կարծիքով, այդ խայտառակ փաստաթղթի պատճառով Հայաստանը ոչ միայն չէր շահի միջազգային հանրության համակրանքը, այլեւ կկորցներ անգամ բարեկամ պետությունների աջակցությունը։

Այժմ, արդ, միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, ուզում եմ հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով։ Իսկ որպեսզի այդ հանդիպումը, հանուն գործի շահի, արդյունավետ լինի, կարծում եմ նաեւ, որ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։ Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրամիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին։

1. Ուղերձը պետք է լիովին համապատասխանի ՄԱԿ-ի խարտիային, Հելսինկյան հռչակագրին եւ Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին.

2. Չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը.

3. Տուրք չպետք է տա երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներին.

4. Որեւէ կերպ չպետք է վնասի Հայաստանի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծմանը, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։

Նամակով Լ. Տեր Պետրոսյանն առաջարկում եւ հուշում է  խորհրդակցական հանձնաժողովի կազմում ընդգրկել  մի շարք անձանց:

Վերջում ՀՀ առաջին նախագահը հավելել է.

«Ցավում եմ, որ ներկա պահին, Գագիկ Ծառուկյանի, Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել։

Ավելացնեմ նաեւ, որ ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե աջից ու ձախից ինչպիսի վայնասուն կբարձրանա իմ այս հրապարակման առթիվ, որի անհետաձգելիությունը պայմանավորված է նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի` ապրիլի 24-ի մոտալուտ լինելու հանգամանքով»։

Back to top button