ԵՊԲՀ-ում էլեկտրոնային նոր լսարան բացվեց
Բժշկական համալսարանը հերթական անգամ ապացուցում է, որ կրթական նորագույն տեխնոլոգիաների ներմուծողներից է ՀՀ բուհական համակարգում, Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր էլեկտրոնային գրադարանի սրահի բացմանն ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշել է, որ էլեկտրոնային լսարանի շնորհիվ սովորողները հնարավորություն են ունենալու ընդլայնելու էլեկտրոնային կրթական պաշարները և սա հնարավորություն է մոտ ապագայում ընդունելության քննությունները ևս կազմակերպելու էլեկտրոնային տարբերակով:
Չի բացառվում, որ մոտ ապագայում ընդունելության միասնական քննություններն անցկացվեն համակարգիչների դիմաց՝ էլեկտրոնային տարբերակով, մասնակցելով Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համնալսարանում էլեկտրոնային նոր լսարանի և գրադարանի բացմանը նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Կարևորելով նոր սրահի բացումը՝ նախարարը նշեց, որ քննությունների օբյեկտիվության բարձրացման գլխավոր բաղադրիչներից մեկը մարդկային գործոնի վերացումն է կամ գոնե նվազեցումը:
«Սա 2-րդ նմանատիպ լսարանն է բժշկական համալսարանում: Կարծում եմ՝ ոչ վերջինը: Կա առաջարկություն, գաղափար, որպեսզի ընդունելության քննությունները նույնպես մի գեղեցիկ օր անցնեն ավտոմատացված համակարգի և երեխաները ընդունելության քննությւոնների թեստերը հանձնեն բացառապես համակարգչի դիմաց՝ օնլայն ռեժիմով»:
Նախնական հետազոտությունների համաձայն՝ ծրագրի իրականացումը Հայաստանում իրատեսական է: Տրվել է նաև ֆինանսական նախնական գնահատականը: Ըստ այդմ համակարգն ամբողջությամբ ներդնելու համար անհրաժեշտ է 12 մլն դոլարին համարժեք դրամ: Ամեն դեպքում նախարարը կարծում է, որ կարելի է մտածել ընդունելության քննությունների բարեփոխումների շրջանակում վերջնականապես անցնել միջազգային լավագույն տարբերակին՝ օնլայն քննություններին՝ երաշխավորելով քննությունների անցկացման լիարժեք օբյեկտիվություն: Մնում է հասկանալ նաև համակարգի ամբողջական ներդրման մեխանիզմը՝ մարզերից մինչև մայրաքաղաք: