Մշակույթ
Ներկայացվել է հայտնի հայագետ Իլյա Աբուլաձեի «վրաց-հայկական հնագույն փաստաթղթագրված բառարանը»
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Վրաստանի ԿԳ նախարարությունը Ձեռագրերի ազգային կենտրոնի հետ համատեղ լույս է ընծայել Իլյա Աբուլաձեի «վրաց-հայկական հնագույն փաստաթղթագրված բառարանը»: Վրացի հայագետ Ի. Աբուլաձեն երկար ժամանակ է աշխատել այս բառարանի վրա, սակայան կենդանության օրոք չի հասցրել այն հրատարակել: Բառարանը համարվում է իր տեսակի մեջ եզակի. նրանում տեղ են գտել դեռ չհրապարակված` V-XI դդ. նյութեր, որոնց ուսումնասիրության համար հեղինակը օգտվել է բազմաթիվ հնագույն ձեռագրերից, եղել է նաև Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում:
Վրաստանի Կրթության և Գիտության նախարար Թամար Սանիկիձեն նշել է. «Աբուլաձեն իր կյանքի մեծ մասը նվիրել է այս բառարանի ստեղծմանը: Կենդանության օրոք ցավոք չհասցրեց լույս ընծայել այն, սակայն աշակերտների ջանքերով այսօր այն մեր սեղանին է և կարող է օգտակար լինել հայ և վրաց մասնագետների համար: Ուրախ եմ, որ այս գրքի լույս ընծայման գործին մասնակցեցինք նաև մենք»:
Վրաստանի Ձեռագրերի ազգային կենտրոնի ղեկավար Բուբա Կուդավան նշում է. «Աբուլաձեի հեղինակած բառարանը կդառնա լավագույն բառարաններից մեկը վրաց իրականության մեջ: Հետաքրքրական է, որ դրանում տեղ են գտել բազմաթիվ հին բառեր, որոնք հայերի ու վրացիների համար ընդհանուր են դեռ վաղ անցյալից. ինչը խոսում է երկու ժողովուրդների դարավոր ջերմ հարաբերությունների մասին»: