Հասարակություն

Մարտի 15-ին Արմավիրի մարզի վեց համայնքում ՏԻՄ ընտրություններ կացկացվեն

satikisahakyan

Մարտի 15-ին Արմավիրի մարզի   վեց համայնքում նախատեսվում է անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների հերթական, որից հինգում՝ համայնքի ղեկավարի, իսկ մեկում՝ ավագանու անդամների ընտրություններ: Ընտրական տեղամասերում արդեն փակցված են ընտրողների նախնական ցուցակները, որոնք պետք է ճշտվեն: Ընտրական ժամանակացույցի համաձայն՝ փետրվարի 13-ին  ժամը  18-ին  ավարտվել է թեկնածուների առաջադրման ժամկետը, իսկ գրանցումը կլինի փետրվարի 18-ին։

Արմավիրի մարզի Հայկավան Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր գյուղերում, ինչպես նաև Արմավիր քաղաքում մարտի 15-ին սպասվում են համայնքի ղեկավարի,  իսկ Ջրաշենում՝ ավագանու ընտրություններ:  Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման  ժամանակացույցի համաձայն՝ փետրվարի 13-ին ժամը 18-ին  20-րդ և 21-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ավարտվեցին թեկնածուների գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետը:

Հատկանշական է, որ առաջադրված թեկնածուներից մեծամասնություն կազմող իշխող կուսակցությունը Արմավիրի մարզի  համայնքների ղեկավարների ընտրություններին միայն 3 համայնքում ունի իր թեկնածուն, իսկ Նոր Արմավիր գյուղում և Արմավիր քաղաքում  չի պաշտպանում որևէ մեկին:

Արմավիրի 21-րդ ընտրատարածքային ընտրական հանձանաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը տեղեկացրեց, որ  քաղաքապետի  թեկնածուից 4-ը հանրապետական կուսակցության անդամ է, բոլորն էլ՝ ինքնաառաջադրմամբ են ներկայացրել գործերը:

Թեկնածուներից  Ռուբեն Խլղաթյանը  Արմավիր քաղաքը ղեկավարում է արդեն 11 տարի, Մելիք Բաղդասարյանը  Ռուբեն Խլղաթյանի քրոջորդին է և Արմավիրի փոխքաղաքապետը, Նվեր Պետրոսյանը Արմավիրի մարզպետի օգնականն է: Մյուս հանրապետական կուսակցական թեկնածուն Մանուկ Սիմոնյանն է , «Պարիտետ ինվեստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը, իսկ մյուս 2 անկուսակցական թեկնածուից  Արտակ Գևորգյանը ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է, Էդվարդ Վարդումյանը՝ Արտակի ընկերը:

Այսպիսով՝ Արմավիրի քաղաքապետի և ոչ մի թեկնածու չի առաջադրվել որևէ կուսակցության կողմից: Հանրապետական կուսակցությունը չի պաշտպանել  նաև Նոր Արմավիրում համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ  Կարեն Գրիգորյանի թեկնածությունը: Նոր Արմավիր համայնքի  ղեկավարի մյուս թեկնածուն Արթուր Ավետիսյանը նույնպես հանրապետական է, աշխատում է Ախուրյան-Արաքս ջրառում որպես ճարտարագետ:

Երկու  թեկնածու էլ  առաջադրվել է   Հովտամեջ գյուղում, երեքական թեկնածու՝ Նալբանդյան և Հայկավան գյուղերում:

Նալբանդյան և Հովտամեջ համայնքների ղեկավարների թեկնածությունը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, իսկ Հայկավանում գործող գյուղապետը  չի առաջադրվել, այս համայնքում ՀՀԿ-ի թեկնածուն  անկուսակցական Ռուբեն Ղազարյանն է:

Առաջադրված թեկնածուները ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը:

21-րդ ընտրատարածքի  Ջրաշեն համայնքում մարտի 15-ին նախատեսվում է ավագանու անդամների ընտրություն, որտեղ  ավագանու հինգ անդամի դիմաց առաջադրվել է 7 թեկնածու:

Ընտրությունների նախապատրատման և անցվկացման ժամանակացույցի համաձայն՝ փետրվարի 13-ից 18-ը նախատեսված է առաջադրված թեկնածուների գրանցում:

Back to top button