Միջազգային

Հրադադարի մեկնարկից առաջ Ուկրաինայի արեւելքում կատաղի մարտեր են ընթանում

Ուկրաինայի արեւելքում հրադադարի համաձայնեցման վերջին ժամերին նոր կատաղի մարտեր են սկսվել ուկրաինական իշխանությունների կողմից վերահսկվող Դոնեցկի խոշորագույն քաղաքի՝ Մարիուպոլի մատույցներում, հայտնում է CNN- ը։ Մարիուպոլի եւ Դեբալցովի մոտ մարտերը սկսվել են նոր ուժով «նորմանդական» պայմանավորվածություններից հետո, որն այսօր կեսգիշերից հրադադարի հաստատում է նախատեսում։

Քաղաքային «0629» կայքի հաղորդման համաձայն՝ կրակն սկսվել է այսօր առավոտյան։ «Ազով» հատուկ վաշտի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Գրադից» հրետակոծության արդյունքում «հողին է հավասարվել» Շիրոկինո գյուղը։ Նա հայտարարել է մեծ թվով վիրավորների եւ գերի ընկած մի քանի անջատողականների մասին։

Մարիուպոլի քաղխորհուրդն էլ  վստահեցնում է՝ քաղաքում իրավիճակը «վերահսկելի եւ հանգիստ» է։

Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Պերեբեյնիսը «Դոժդ» հեռուստակայանի եթերում հայտարարել է, որ հրադադարի ժամկետն առաջարկել է ռուսական կողմը, թեեւ Ուկրաինան պատրաստ էր անհապաղ հետ քաշել զորքերը։ «Ինչ որ մեկը ցանկանում է փոխել շփման գիծը եւ օգտագործում է մի քանի օրը, որպեսզի փակի դեբալցովի կաթսան։ Ցավոք՝ ահա այսպիսի կեղտոտ խաղ է գնում»,- ասել է նա։

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը հայտարարել է, որ արբանյակային նկարները Դեբալցեւոյի շրջանում արձանագրել են ՀՕՊ համակարգեր։ «Մենք վստահ ենք, որ դրանք ռուսական ռազմական համակարգեր են, ոչ թե անջատողականներինը»,- Twitter- ում գրել է դիվանագետը։

Ռուսական կողմը հերքում է այս լուրերը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ- մայոր Իգոր Կոնաշենկովը նշել է, որ Twitter- ում դեսպանի ներկայացրած նկարում «մուգ հետքերը» չեն կարող ապացույց համարվել։

Back to top button