Հասարակություն

Մանկական քաղցկեղի բուժումը Հայաստանում 60-65 տոկոս է՝ համաշխարհայինի 80-85 տոկոսի դիմաց

aidaavetisyan
Փետրվարի 15-ին նշվում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը:  Այս օրը հռչակվել է  2001 թվականին Լյուքսեբուրգում` քաղցկեղով երեխաների ծնողների կողմից: Ամեն տարի Հայաստանում ախտորոշվում է  մանկական առաջնային քաղցկեղով  70-80 դեպք: Ցուցանիշը  նախորդ տարիների հետ համեմատ  նվազել է, ասել է առողջապահության նախարարության  գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոքչյանը: Ըստ նրա՝ եթե հիվանդությունն ախտորոշվի ավելի  վաղ շրջանում, ապա այն կբուժվի:

Եթե 1994 թվականներին  Հայաստանում տարեկան գրանցվում էր մանկական առաջնային   քաղցկեղով 100 դեպք, ապա վերջին երկու տարիների ընթացում այդ թիվը նվազել է՝ հասնելով 70- 80-ի։ Առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոքչյանի խոսքով՝   մեզ մոտ դիմելիության խնդիր կա: Դիմում են ավելի ուշ շրջանում:  Սակայն հիվանդությունը շուտ ախտորոշելու դեպքում այն հնարավոր է բուժել, ասում է: «Քաղցկեղի առաջին երկու փուլերը, ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ և սա մեր տվյալները չէ միայն , այլ համաշխարհային, առաջին երկու փուլերում այն հնարավոր է բուժել»։

Եթե Հայաստանում կանանց շրջանում տարածված է կրծքագեղձի քաղկեղը, իսկ տղամարդկանց մոտ՝ թոքի, ապա երեխաների մոտ տարածվածն  արյան   քաղցկեղն է՝  լեյկեմիան,  երկրորդը՝ գլխուղեղի , այնուհետև՝ ոսկրային, երիկամի ուռուցքներն են:

Այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքում և արյունաբանական կենտրոնում  տարեկան բուժվում է 70- 80 երեխա: : Համաշխարհային տվյալներով ՝ մանկական քաղցկեղը եթե աշխարհում բուժվում է 80- 85  տոկոսով, ապա Հայաստանում բուժումը 60-65 տոկոս է:

Պատճառը  ոսկրածուծի փոխպատվաստման համար անհրաժեշտ սարքավորումներ չունենալն է:  Արդեն կյանքի է կոչվել   ուռուցքաբանության ազգային կենտրոնի  նոր մասնաշենք  կառուցելու ծրագիրը: Այդտեղ, ըստ քիմիաթերևապևտի ,  կբուժվեն մանկական   քաղցկեղի բոլոր տեսակները: «Եվ, բնականաբար, այդտեղ կներդրվի նաև ոսկրածուծի փոխպատվաստման  բաժանմունքը:  Դա շատ ծախսատար բաժանմունք է»։

Ըստ գլխավոր քիմիաթերապևտի՝  սա է պատճառը, որ  շատ ու շատ ծնողներ, երեխաների լիարժեք բուժման համար, թակում են  արտերկրի հիվանդանոցների դռները: Իսկ այս դեպքում էլ  ֆինանսների մի մասը փոխանցում է «Նվիրի՛ր  կյանք» հիմնադրամը,  որոշ մասն  էլ մնում է ծնողի ուսերին:

Իրականում քաղցկեղի բուժումը թանկ արժե: Սակայն այն Հայաստանում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում և  2009 թվականից  քաղցկեղով հիվանդ երեխաների կողքին կանգնած « Նվիրի՛ր կյանք» հիմնադրամի միջոցներով:

Երեխայի օրգանիզմին անհրաժեշտ է վիտամիններով հարուստ սնունդ, հակառակ դեպքում՝  թուլանում է երեխայի իմուն համակարգն ու  խթան հանդիսանում քաղցկեղի բուռն  զարգացմանը։ Դարի չարիք հանդիսացող հիվանդությունը վաղ հայտնաբերելու  համար պետք է զգոն լինեն և՛ ծնողները, և՛մանկաբույժները, ասում է Հայկուհի Գյոքչյանը։ Առավել ուշադիր պետք է լինեն հատկապես այն ծնողները, որոնց մոտ քաղցկեղը  ժառանգական բնույթ է կրում:

Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տվել, որ  տղա երեխաների մոտ ավելի շատ են հայտնաբերվում քաղցկեղով հիվանդություններ, քան՝ աղջիկների:

Back to top button