Մշակույթ

Արդե՞ն 50, թե՞ դեռ 50. այսօր Արա Դեղտրիկյանի ծննդյան օրն է

alisagevorgyan

Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանն այսօր նշում է ծննդյան 50-րդ տարեդարձը: Նրա ստեղծագործական ուղին սկիզբ առավ  Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնից: Աշխատել է «Թատրոն 13»- ում, համագործակցել «Գոյ» թատրոնի հետ:  Նարեկ Դուրյանի  թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում: 1994-97 թվականներին Արա Դեղտրիկյանն աշխատել է  Երևանի պետական համազգային թատրոնում, ավելի ուշ՝  Երևանի Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի  պետական թատրոնում:

Թատրոնում ստեղծած հետաքրքիր ու բազմազան կերպարների կողքին Արա Դեղտրիկյանը վերջին տարիներին իր ձեռագիրն է թողել նաև կինոյում։

Արդե՞ն 50 տարեկան եմ, թե՞ դեռ 50 տարեկան եմ. Արա Դեղտրիկյանն առավել հակված է երկրորդ շեշտադրմանը։ «Լավ, հասուն տարիք է, կարևորն այն է, որ ապրած  տարիները հետաքրքիր են եղել բոլոր առումներով՝ և ընտանիքում, և աշխատանքում»։

Կյանքը գունավորել ու  հետաքրքիր են դարձրել նաև այն տասնյակ դերերը, որոնք մարմնավորել է տարիների ընթացքում: Ճակատագրական դեր կամ ստեղծած որևէ կերպար, որի հետ ձուլվել, նույնացել է դերասանը, այդուհանդերձ, չկա: «Դա ճիշտ չէ»,-ասում։

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում տրամադրությունն այսօր տոնական, ավելին՝  հոբելյանական  է լինելու: Արա Դեղտրիկյանի 50- ամյակը կնշանավորվի դերասանի համար խիստ տրամաբանական ձևով: «Ինձնից պրծում չկա» ներկայացման անվիճելի գլխավոր հերոսն այսօր 50-ամյա Արա Դեղտրիկյանն է։

Եվ վերջում, իհարկե, ծննդյան շնորհավորնքներ, մաղթանքներ: Մաղթանքներ նաև հոբելյարից՝ ուղղված և իրեն և բոլորին. Արա Դեղտրիկյանի կարևորագույն մաղթանքը խաղաղությունն է։

Back to top button