ԿարևորՀասարակություն

Տեառնընդառաջ. Կրողը լինենք ոչ միայն Տիրոջ լույսի, այլև ինքներս լույս լինենք մեր շրջապատում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է 40- օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը: Առավոտյան Մայր Տաճարում մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Հայր Սուրբն իր քարոզում հանգամանորեն անդրադարձել է Տեառնընդառաջի խորհրդին` մասնավորապես ընդգծելով, որ այն յուրաքանչյուրի համար ներքին վերափոխման ու այլակերպման առիթ պետք է դառնա:

«Առաքելահաստատ այս տոնը լույսի, հույսի և Աստծուն ընդառաջ գնալու հրավեր է, որը մեր սրտերն ու հոգիները լցնում է սիրով և ջերմությամբ` ևս մեկ անգամ մեզ հիշեցնելով Տիրոջ հետ հանդիպման, Նրանով մեր կյանքն արժևորելու և Տիրոջ անմար լույսը մեր մեջ ունենալու անհրաժեշտությունը: Այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք Աստծու այդ լույսի, որպեսզի ցրվի անգիտության խավարը, և մեր կյանքը պայծառակերպվի և իմաստավորվի Քրիստոսով: Հետևաբար, կրողը լինենք ոչ միայն Տիրոջ լույսի, այլև ինքներս լույս լինենք մեր շրջապատում` մեր օրինակով ցույց տալով քրիստոնյա և Եկեղեցու անդամ լինելու քաղցրությունը», — նշել է Զաքարիա վարդապետը:

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարում Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի նախագահությամբ կատարվել է նորապսակ զույգերի օրհնության արարողություն, որին մասնակցել են նաև նորապսակ միաբան սարկավագները:

 

Իսկ տոնի սկիզբն ազդարարվել էր երեկ` փետրվարի 13-ի Երեկոյան ժամերգությանը: Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է նախատոնակ, տեղի ունեցել այս տարվա անդրանիկ  անդաստանի կարգը, որի ժամանակ օրհնվել են աշխարհի չորս կողմերը: Այնուհետև հոգեզմայլ «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանից Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ վառված մոմը հանդիսավոր թափորով առաջնորդվեց դեպի Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջափակ, ուր վառվեց աստվածային լույսը խորհրդանշող մեծ խարույկը:

Մայր Աթոռի միաբանների և Գևորգյան Հոգևոր ճեմարանի սաների կողմից կատարվեցին տոնին նվիրված շարականներ ու ազգային երգեր, իսկ արարողությանը ներկա հավատացյալները խարույկից վառված ճրագները տարել են իրենց օջախները:

Back to top button