ԿարևորՔաղաքական

ԱՄՆ դեսպանը ցանկանում է ամերիկյան մեծածավալ ներդրումներ տեսնել Հայաստանում

anna_nazaryan

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան  Ռիչարդ Միլսը, որն այսօր իր կնոջ հետ առաջին անգամ ներկայացավ լրագրողներին, բավականին ակտիվ պատասխանեց իրեն ուղղված հարցերին:

Հայաստանում գտնվելու 36 ժամվա ընթացքում նա անգամ հասցրել է ծանոթանալ ներքաղաքական իրավիճակին ու անդրադառնալով  նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, նշեց, որ ինքը Լուիզիանայից է և իրենց մոտ քաղաքական դաշտում ընդունված է իրար կոպիտ բառերով դիմել. «Եթե հետաքննություն անցկացնելու հարց է բարձրացվում նախագահի կողմից, ապա դա պետք է լինի մանրակրկիտ, պարզ, թափանցիկ: Եթե մտահոգիչ բաներ լինեն՝ մենք հարցը կներկայացնենք կառավարությանը»:

Նա նաև նշեց, որ դեսպանատունը սովորաբար աշխատում է քաղաքական դաշտի բոլոր առաջնորդների ու  քաղաքացիական հասարակության հետ և նույն աշխատելաոճը կշարունակվի նաև ապագայում:

Այս տարին Հայաստանին համար նշանավորվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով և նախագահ Սերժ Սարգսյանը միջոցառումներին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Կընդունի՞ հրավերն Օբաման, հարցին ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Միլսը դժվարացավ պատասխանել, պարզապես նշեց, որ Օբաման Հայաստանի նախագահի հրավերն ստանալու պատիվն է ունեցել, բայց դեռ պարզ չէ, թե ԱՄՆ- ից ով կժամանի Հայաստան։ «Որպես դեսպան ցույց կտանք աշխարհին, որ ԱՄՆ Հայաստանի կողքին է և դատապարտում է այս սարսափելի դեպքերը, որի ժամանակ 1 մլն ից  ավելի մարդ տեղահանության զոհ դարձավ»,- նշեց դիվանագետը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանը կնպաստի հայ-ամերիկյան կապերի առավել սերտացմանը, խոստացավ Ռիչարդ Միլսը, մասնավորապես նշեց, որ կուզեր ամերիկյան մեծածավալ ներդրումներ տեսնել Հայաստանում, սակայն ՀՀ- ն պետք է ներգրավի գործարարներին, որպեսզի վերջինները ներդրումներ անեն Հայաստանում: Եթե լինի արդար պայմանների միջավայր՝ դա կգրավի աշխարհի բոլոր երկրների գործարարներին, ասաց։

Հայաստանի համար կարևոր ղարաբաղյան խնդրի կարագվորման հարցին անդրադառնալով՝ դեսպան Միսը նշեց, որ լավագույն լուծումը ՄԽ-ի ձևաչափն է։ ԱՄՆ-ն կողմ է ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում, ավելացրեց ԱՄՆ նոր դեսպանը:

Back to top button