Հասարակություն

Արմավիրում 2014- ին գրանցվել է ՀՆԱ- ի 13.5 տոկոս աճ. մարզխորհրդի նիստում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Ինչպիսին էր 2014 թվականը Արմավիրի մարզի համար և ինչ անելիքներ կան այս տարում. մարզխորհրդի նիստում աշխատանքների հաշվետվությունն է ներկայացրել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Մարզպետը ներկայացրել է  տնտեսության բոլոր ոլորտներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ նախագահի Գագիկ Ծառուկյանի մասին հայտարարությանը՝ կոչ անելով համախմբվել նախագահի շուրջը և կառուցել այն երկիրը, որի մասին երազում ենք:

Արմավիրի մարզում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացվել  է պետական և համայնքային շահերի ներդաշնակությամբ, հանրապետական գործադիր մարմինների և տարածքային ծառայությունների փոխհամագործակցությամբ: Համատեղ իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել մարզի զարգացմանը, սոցիալ- տնտեսական վիճակի կայունացմանը:

Արմավիրի մարզը, որպես երկիրը կերակրող շտեմարանի մի հատված, անցած տարի ունեցել է որոշակի դժվարություն, ինչը կապված է եղել բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետ: Ավելի քան 124 հազար հեկտար վարչական տարածքից 97 հազարը գյուղատնտեսական նշանակության հողեր են, դրանցից 45 հազար 895 հա-ը՝ վարելահողեր: Հողերի մեծ մասը՝ գրեթե 66 տոկոսը,  մշակվել են և անցած տարի  գրանցվել է  համախառն ներքին արդյունքի 13.5 տոկոս աճ՝  2013 թվականի համեմատությամբ:

Մարզում 7-10 տոկոս աճ է գրանցվել նաև անասնապահության բնագավառում, որը խոստանում է անասնամթերքի արտադրության բարձր ցուցանիշ՝ նույնպես: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անդրադարձավ նաև ցրտահարությունից տուժած համայնքների սոցիալական աջակցության ծրագրերին: Այս տարի սոցիալական աջակցության ևս 2 ծրագիր կիրագործվի, որը նույնպես ուղղված կլինեի աղքատ կամ անմրցունակ բնակչության պայմանների բարելավմանը: Այս մասին տեղեկացրեց  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը:

Վերանորոգվել ու հիմնանորգվել են մարզի ոռոգման համակարգերի անբարեկարգ հատվածները։ Անցած տարվա ոռոգման սակավաջրությունը լրացվեց ընդերքի ջրերի և ամբարված ջրերի ժամանակացույցով օգտագործելու միջոցով:

Թեև անցած տարի մարզում ցորենի միջին բերքատվությհունը գերազանցել էր 40 ցենտները, այնուամենայնիվ՝ այս տարի նվազել է աշնանացան ցորենի ցանքատարածքը, քանի որ Արարտյան դաշտավայրի հողերը նպատակահարմար է օգտագործել բանջարեղենի մշակության համար:

Աշոտ Ղահրամանյանը թվարկեց բոլոր այն  ներդրումները, որոնք իրականացվել են քաղաքաշինության, ճանապարհաշինության, արդյունաբերության բնագավառներում:

Կարևորեց նաև  Վաղարշապատի հիվանդանոցի հիմնանորոգման առաջնահերթությունը՝ շեշտը դնելով հատկապես ծննդատան վրա:  Էջմիածնի տարածքի հղիների մեծ մասը ծննդաբերում է Երևանի տարբեր բժշկական հաստատություններում:

Առողջապահության ոլորտում բնակչության առողջության առաջնային պահպանության և պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության ծրագրերի մասին ներկայացրեց առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը՝ մարզպետին հանձնելով մարզի առողջապահական համակարգի  քարտեզը:

Մարզում նախատեսվում է իրականացնել սկրինինգային ծրագիր, այսինքն` տեղի բուժհիմնարկներում լայնածավալ հետազոտություններ են իրականացվելու 3 ուղղությամբ ՝ սիրտ-անոթային, շաքարային դիաբետի և ուռուցքային հիվանդությունների։ Նպատակը՝ մեծ տարածում ունեցող հիվանդությունների շուտ ախտորոշումն ու կանխարգելումն է:

Նիստի վերջում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անդրադարձավ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ համայնքի ղեկավարներին կոչ անելով համախմբվել նախագահի շուրջը՝ երկրի իրավիճակը կայուն պահելու և երազած երկիրը կառուցելու նպատակով:

Back to top button