Միջազգային

Միացյալ Նահանգները ողջունել է Մինսկում ձեռք բերված համաձայնությունը

Սպիտակ Տունը «նշանակալի քայլ» է որակել ուկրաինական հակամարտության հարցով նախօրեին առավոտյան Մինսկում «Նորմանդյան ձևաչափով» ձեռք բերված համաձայնությունը։ «Ռոյթերս» գործակալության տեղեկացմամբ, այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

«Այսօր ձեռք բերված համաձայնության իրական փորձությունը կլինի դրա լիակատար և աներկբա իրականացումը, ներառյալ մարտական գործողությունների երկարաժամկետ դադարեցումն ու Ռուսաստանի հետ սահմանի ուկրաինական վերահսկողության հաստատումը»,-ասված է հայտարարության տեքստում։

Ամերիկյան կողմի կարծիքով, ծանր հրետանին պետք է անհապաղ դուրս բերվի Ուկրաինայի արևելքից։ Բացի այդ, ամերիկյան վարչակազմը կոչ է անում Ռուսաստանին լիովին հետ քաշել իր զորքերն ու տեխնիկան Ուկրաինայից։

Նշենք, ավելի վաղ Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մոգերինին հայտարարել էր, թե Բրյուսելում երեկ մեկնարկած ԵՄ խորհրդի գագաթնաժողովին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցը չի քննարկվելու, հաշվի առնելով Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների խրախուսման կարևորությունը։

Հիշեցնենք, նախօրեին առավոտյան Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդների մասնակցությամբ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շուրջ 16 ժամ տևած բանակցություններից հետո հակամարտության կարգավորման կոնտակտային խմբի անդամները փաստաթուղթ էին ստորագրել, որով, մասնավորապես, նախատեսվում է փետրվարի 15-ից Դոնբասում հրադադարի ռեժիմ սահմանել։

Back to top button