Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ավագ լեյտենանտ
Մարտական հերթապահության ժամանակ զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։ Վերջինս կասկածվում է մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, հայտնում են Քննչական կոմիտեից։
Փետրվարի 10- ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը և մահացել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ/:
Նախաքննությունը շարունակվում է: