Հասարակություն

Այս տարի Տյառնընդառաջին կհաջորդի Բարեկենդանն ու Մեծ պահքը

aidaavetisyan

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 14-ին հայ առաքելական եկեղեցին կտոնի անշարժ տոներից  Տեառնընդառաջը, որը ժողովրդի մեջ տարածված է տրնդեզ անվամբ:  Տեառնընդառաջի  տոնակատարությունները  կսկսվեն փետրվարի 13-ին, քանի որ եկեղեցական օրացույցով նոր օրն սկսվում է  երեկոյան  ժամերգությունից հետո:

Հայ առաքելական եկեղեցին այդ օրը հռչակել է նաև նորապսակների օրհնության օր:  Իսկ փետրվարի 15-ին առաքելական եկեղեցին  կնշնի շարժական տոներից Բարեկենդանը: Ամսի 15-ին Սուրբ պատարագից հետո Սուրբ Սարգիս   եկեղեցու բակից մեծ տոնախմբությամբ երիտասարդները  կշարժվեն  դեպի Կասկադ համալիր։

Ըստ Նոր  կտակարանի՝ Հրեաստանում, ավանդության համաձայն, ծնողներն իրենց  առաջնեկ  արու զավակներին  40 օրականում տաճար էին տանում՝ ընծայաբերելով Աստծուն: Մանուկ Հիսուսի ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, Հիսուսին նույնպես տանում են տաճար, որտեղ Սիմեոն անունով  արդար մի ծերունի  սպասում է Հիսուսին և տեսնելով նրան՝ Տիրոջն ընդառաջ է գնում: Այստեղից էլ առաջացել է տոնի անվանումը՝ Տեառնըադառաջ :

Երբ Հիսուսի ծնողները նրան ընծայում են տաճարին , տաճարի  դռները դղրդյունով բացվում են և մարդիկ ճրագներով  դուրս են գալիս տներից տեսնելու՝ ինչ է կատարվում և լուսավորում են Հիսուսին: Այստեղից էլ առաջացել է տոնին կրակ վառելու ավանդույթը:

Երեկոյան ժամերգությունից հետո հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից  վառում են իրենց մոմերն ու տուն տանում, որպես Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշ:

Ժողովրդական սովորույթի համաձայն՝ օրհնված մոմի կրակով  վառվում է նաև Տեառնընդառաջի խարույկը:  Տրնդեզը հայ իրականության մեջ սիրված տոներից է և նշվում է հատկապես այն ընտանիքներում, որտեղ նորապսակներ կան: Արատյան հայրապետական թեմի երիտասարդաց  միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ տոնը չի վերաբերում նշանադրվածներին։

Իսկ փետրվարի 15-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի շարժական տոներից Բարեկենդանը: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, խրախճանք։ Այն ճոխ և առատ ուտելիքներով վայելքի  օր է:  Հին ժամանակներում Բարեկենդանն ավելի ճոխ է նշվել` խնջույքների սեղանի անբաժան մասն են կազմել մսեղենը, կաթնեղենը, յուղով կերակուրները, պարտադիր կերակրատեսակներից` ամիճը, այսինքն` լցոնած հնդկահավը, փախլավան, նաեւ բոլորիս հայտնի խաշը։

Բարեկենդանի հաջորդ  կիրակին  Արտաքսման կիրակին է, որն էլ խորհրդանշում է Ադամին ու Եվային Եդեմից արտաքսելը:  Փետրվարի 16-ից սկսվու մ է Մեծ պահքը և տևում 48 օր: Սուրբ Հարությունը՝Զատիկը,  այս տարի կնշվի  ապրիլի  5-ին։

Back to top button