Հասարակություն

Հացիկի եռահարկ դպրոցն իր դռները բացեց

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Հիմնանորոգումից  հետո այսօր շահագործման հանձնվեց Արմավիրի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցի եռահարկ  մասնաշենքը։ Ծրագիրն իրականացվել էր Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջոցներով:  Բացմանը ներկա էր հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը, ով հատկապես գյուղական համայնքներում կարևորում է կրթօջախների  բարելավումը և կրթական ծրագրերի ներդրումը, որը դպրոցը վերափոխում է երեխայակենտրոն հաստատության:  Արմավիրի մարզում «Հայաստանի մանուկներ» հիմադրամն արդեն 8, իսկ Հայաստանի տարբեր բնակավայրերում 15 դպրոց է նորոգել: Ներկայում աշխատանքներ են տարվում նաև Գետաշենի դպրոցում, ինչպես նաև Լոռու մարզի Թումանյանի տարածքի համայնքներում:

Հին դպրոցից թերևս միայն հիմնական պատերն են մնացել , իսկ ներսում ամեն ինչ փոխված է՝ գեղեցիկ, լուսավոր ու տաք  դասասենյակներ, ջրամատակարմամբ ապահովված  սանհանգույցներ, մասամբ նոր գույք, ստեղծագործարան՝ նորագույն տեխնոլոգիաներով և այն ամենը ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում երեխաների լիարժեք կրթության և նրանց  մտավոր ստեղծագործական ունակությունների բացահայտման համար:

Կրթօջախի բացումն իսկական տոն էր դարձել համայնքի համար: Դպրոցի բակում ամենուր փոքրիկ տեսարաններ էիր մեր ազգային սովորույթներից ու ավանդույթներից՝  մի տեղ թոնրի լավաշ էին թխում, բուրդ գզում ու թել մանում, հաջորդում՝  տյառնընդառաջի տոնն էին նշում, հարսանիք անում, մյուսում՝ սուրբ Սարգսի տոնակատարությունը:

Հացիկ կամ Նաիրի գյուղի դպրոցում սովորում է 315 աշակերտ: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի խորհրդի ատենապետ Գարո Արմենն իր ուշադրությունը կենտրոնացրել է Հայաստանի գյուղերի զարգացմանը՝ տարբեր ոլորտներում ծրագրերի մշակմամբ ու ներդրմամբ, որը նախաձեռնել և սկսել են  իրականացնել դեռ 12 տարի առաջ:

Հիմնանորոգված դպրոցում  Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի հոգևորականների մասնակցությամբ կատարվեց նոր տան օրհնության կարգ:

Գարո Արմենը ուրախությամբ նշեց, որ տեսնում է այն ցանկալի արդյունքները, ինչը որ ակնկալում էր: Ներկայում իրենք աշխատանքներ են տանում մարզի Գետաշեն գյուղի դպրոցում, որից հետո նախատեսել են ընդլայնել գործունեության աշխարհագրությունը՝ հասնելով  Հայաստանի հյուսիային բնակավայրեր, ստեղծելու են նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ։

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների  նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը բարձր գնահատեց  կառավարության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համագործակցությունը, որն էապես օժանդակում է կառավարության գործունեությանը և համատեղ լուծում գյուղական բնակավայրերում առկա մի շարք խնդիրներ:

Հացիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգմանն օժանդակել են նաև տարբեր կազմակերպություններ և համագյուղացի գործարարներ: Հացիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Մկրտչյանն իր երախտագիտությունը հայտնեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի խորհրդի ատենապետ Գարո Արմենին և մյուս հովանավորներին, նրանց հանձնեց շնորհակալագրեր և հուշանվերներ:

Back to top button