Հասարակություն

Սարքավորումների ու դատաբժշկական փարձագննության անդյունքների որակը զարմացրել է լեհ փորձագետներին

lenabadeyan

ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում» այսօր հավաքվել էին ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական վարչության, Փորձաքրեագիտական վարչության ղեկավարները: Երկու օր է, ինչ քննարկվում են հայ-լեհական համագործակցության ուղղությունները: Այդ կապակցությամբ Հայաստանում է նաեւ Լեհաստանից ժամանած պատվիրակությունը՝  Լեհաստանի Ոստիկանության Կենտրոնական Քրեագիտական լաբորատորիայի տնօրեն Վալդեմար Կրավչուկի գլխավորությամբ: Ավանդաբար փակ համարվող այս կառույցների ղեկավարներն այսօր որոշ փակագծեր են բացել իրենց հետագա աշխատանքի մասին:

 

Լեհաստանի մասնագետները հայաստանյան այցի ժամանակ շատ են զարմացել, երբ տեսել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» ոչ բարձր դասի սարքավորումներն ու կենտրոնում կատարվող փորձաքննությունների վերջնական արդյունքի բարձր որակը: Զարմանքը նույնիսկ լրագրողների հետ զրույցի ընթացքում չկարողացավ թաքցնել Լեհաստանի Ոստիկանության Կենտրոնական Քրեագիտական լաբորատորիայի տնօրեն Վալդեմար Կրավչուկը:

Ասում է, խնդիրը սարքավորումների մեջ է, ոչ թե՝ մարդկանց: Լեհաստանի գլխավոր քրեագետն ընդգծում է հայ մասնագետների գիտելիքները եւ կատարած աշխատանքի բարձր մակարդակը եւ խոստանում է աջակցել հայ գործընկերներին: Իսկ աջակցությունը կարող է դրսեւորվել տարբեր կերպ՝ փորձի փոխանակում, վերապատրաստումներ, գիտական համատեղ ծրագրերի մշակում, փորձաքննության որակի բարձրացում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, նաեւ սարքավորումների ձեռքբերում:

Համարվում է, որ Լեհաստանի ոստիկանության քրեագիտական փորձագիտական լաբորատորիան Արեւելյան Եվրոպայի լավագույններից է: Հայ-լեհական համագործակցությունն այս ոլորտում սկսվել է դեռեւս 2013 թվականից, ասում է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տնօրեն Մհեր Բիշարյանը: Մինչեւ 2017 թվականը հայ-լեհական համագործակցությունը հայկական կողմին հետաքրքրում է հատկապես հետեւյալ ուղղություններով:

«Իրենք ԵՄ շրջանակներում տեխնիկապես բավականին հագեցված են հատկապես գենետիկական փարձաքննությունները ավելի խորացնելու, քանի որ 2000 թվականից մեզ մոտ կատարվում են նման փորձաքննություններ: Իրենք այդ հարցում բավականին առաջ են: Փորձում ենք համատեղ ծրագիր ներկայացնել Ոստիկանության քրեագիտական վարչության հետ՝ քիմիական փորձակցությունների առումով եւ երկրորդ ամենակարեւոը գենետիկական փորձակցությունների առումով նոր որակի հասցնելու համար: Այս երկու ուղղությունը ամենահիմնական եւ ապագային համար լայն աշխատանքային ծավալ է սպասվում»:

Հայաստանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» փորձում է հետ չմնալ ոլորտում գրանցվող զարգացումներից: Այդպես օրինակ՝ տարիներ շարունակ ավանդաբար համագործակցել է ՌԴ համապատասխան կառույցի հետ: Լեհաստանի  Ոստիկանության Կենտրոնական Քրեագիտական լաբորատորիան կապող կամուրջ է հանդիսանում Հայաստանի եւ ԵՄ, մասնավորապես՝ Արեւելյան Եվրոպայի հետ: Առաջիկայում հայ մասնագետներները հույս ունեն համագործակցության նմանատիպ մի պայմանագիր էլ կնքել Էստոնիայի դատաբժշկական կենտրոնի հետ:

Back to top button