Հասարակություն

Զարհուրելի երևույթ այս ամենի մեջ պետք չէ փնտրել. Մայր աթոռի խոսնակը՝ Կաթողիկոսի անունով հաշվեհամարի մասին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանել է HSBC բանկում Գարեգին Բ-ի անվամբ հաշվեհամարի առկայության փաստը:

Ստորև ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ.

«HSBC բանկի հաճախորդների ցուցակների և հաշվեհամարների վերաբերյալ բանկի աշխատակցի կողմից գողացված տեղեկատվության հրապարակումը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կայքում, որտեղ նաև տեղ է գտել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, լայնորեն տարածում է գտել հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներում, նաև տեղիք տվել անհարկի մեկնաբանությունների:

Տեղեկացնում ենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից Մայր Աթոռին կատարված հարցումին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխան նամակով անհրաժեշտ պարզաբանումը տվել է, որը և հատվածաբար արդեն իսկ ներկայացված է կոնսորցիումի կայքում:

Որևէ տարօրինակ և զարհուրելի երևույթ այս ամենի մեջ չկա և պետք չէ փնտրել: Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց Հայրապետների անունով: Այդպես եղել է և Վազգեն Առաջինի, և Գարեգին Ա, և Գարեգին Բ կաթողիկոսների պարագային: Հաշվեհամարը տվյալ կաթողիկոսի ի Տեր ննջումից հետո փոխանցվել է իրավահաջորդ կաթողիկոսին և կատարվել է հաշվեհամարի անվանափոխումը: Նույնն է նաև այս հաշվեհամարի պարագան: Այս հաշվեհամարը, որ բացվել է Գարեգին Ա հայրապետության շրջանում, մատնանշված գումարով հանդերձ ժամանակին որպես Մայր Աթոռի հաշվեհամար փոխանցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»:

Հիշեցնենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը գաղտնազերծել է HSBC-ի շվեյցարական մասնաճյուղի ավելի քան 60 հազար փաստաթղթեր, որոնք ներկայացնում են բանկի ավելի քան 100 հազար հաճախորդների անձնական հաշիվների տվյալները:

Շվեյցարական բանը նաև հայ հաճախորդներ ունի: 1989-2006 թվականներին շվեյցարական HSBC-ում հայ հաճախորդները բանկային 23 հաշիվներում 15 միլիոն 400 հազար դոլար են ունեցել: 10 հաճախորդներից 4-ը առնչվում են Հայաստանին՝ Հայաստանի անձնագիր կամ քաղաքացիություն ունեն:

Հայաստանից շվեյցարական HSBC-ում հաշվեհամար ունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հաշիվը բացվել է 2000 թվականին Նորին Սրբություն Գարեգին երկրորդ Ներսես անունով : 2006-2007 թվականներին նրա հաշվի վրա 1 միլիոն 100 հազար դոլար կար: Նրան վերաբերող տվյալները բացվում են կաթողիկոսի լուսանկարով:

Back to top button