Մշակույթ

«Երգ երգոց» սիրված երաժշտական նախագիծը 5 տարեկան է

լրացված ժամը 15.38-ին

sonahakobyan
«Երգ երգոց» սիրված երաժշտական նախագիծը 5 տարեկան է: Լինելով ամենասիրված և պահանջված հաղորդումներից մեկը, այն էկրանների մոտ է հրավիրում ամենատարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներին և հնարավորություն տալիս միջին եւ մեծ սերնդի ներկայացուցիչներին վերհիշելու այն երգերը, որոնք իրենք լսել և սիրել են ժամանակին: Հաղորդաշարի առանձին հաղորդումներ նվիրվում են հայ անվանի կոմպոզիտորներին, սիրված երգեր են հնչում նաև զանազան հոբելյանական առիթներով: 5 տարիների ընթացքում եթեր է հեռարձակվել շուրջ 405 հաղորդում: Տոնական հոբելյանական թողարկումը Հանրայինի եթերում կլինի վաղը՝ կիրակի, Առաջին լրատվականի կիրակնօրյա թողարկումից անմիջապես հետո:

 

Արդեն 5 տարի յուրաքանչյուր կիրակի Առաջին ալիքի երեկոյան եթերում երգի տոն է. հայկական հեռուստաեթերի ամենապահանջված երաժշտական նախագծերից մեկը արդեն 5-րդ տարին է հեռուստաէկրանների մոտ և նկարահանման տաղավարում հավաքում է հայ երգի սիրահարներին:

«Երգ երգոց» սիրված երաժշտական նախագծում հնչում են Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածները ներկայացնող երգեր՝ սկսած անցյալ դարի սկզբից մինչև մեր օրերը, որոնք ուղեկցվում են տվյալ պատմափուլի ժամանակագրությունը ներկայացնող տեսանյութով: Հաղորդաշարի առանձին հաղորդումներ նվիրվում են հայ անվանի կոմպոզիտորներին, սիրված երգեր են հնչում նաև զանազան հոբելյանական առիթներով: Հաղորդավար Խորեն Լևոնյանն ամեն ելույթից առաջ ներկայացնում է երգն ու կատարողին, իսկ նախագծի ընթացքում տաղավարում ներկա երաժշտագետները, կոմպոզիտորներն ու մտավորական հյուրերը քննարկում են հնչած երգերը: Երբ դեռևս 2010 թվականին Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը առաջարկեց սկսել նման հաղորդաշար, նախագծի սցենարի հեղինակ Լևոն Գալստյանը պատկերացում անգամ չուներ, որ այն կդառնա մեր օրերի ամենապահանջված հեռուստահաղորդումներից մեկը և նման հաջողություն կունենա:

«Երբ սկսեցինք առաջին հաղորդումները, պարզ դարձավ, որ մեր խնդիրը փոքր ինչ այլ է: Այս հաղորդաշարը պետք է հնարավորություն տա ոչ միայն անդրադառնալու հայ երգարվեստի մշակույթի գանձերին, այլև ցույց տալու երգերի ստեղծման պատմական, սոցիալական, մշակութային միջավայրը: Սկզբում մտավախություն կար, թե պետք է սպառվի, թե հաղորդաշարի նյութը, թե ինքը հաղորդաշարը: Բարեբախտաբար հաղորդումը սիրվեց, և ժողովուրդն ամեն կիրակի սպասում է հաղորդմանը»:

Հաղորդաշարի հավատարիմ հեռուստադիտողներից է երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն: Ըստ նրա «Երգ երգոցը» սովորական ժամանցային հաղորդաշար չէ: Այն իրականում մեծ առաքելություն է որդեգրել:

«Այն ոչ միայն գեղագիտական, այլև դաստիարակչական արժեք է ներկայացնում»:

Արդեն 5 տարի է սիրված հաղորդաշարը ապրելակերպ է դարձել նաև երգչուհի Լեյլա Սարիբեկյանի համար:

«Ժողովուրդը սիրում է այս նախագիծը, քանի որ դրանով իսկապես հաստատում ենք, որ մենք ունենք երգ երգոց՝ ստեղծագործություններ, որոնք անմահ են հավերժության մեջ»:

Եվ իսկապես՝ պրոֆեսիոնալ ստեղծագործական խմբի շնորհիվ ստեղծված «Երգ երգոց»-ն այսօր ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ամենամեծ լսարան ունեցող հաղորդումներից է: «2010 թվականին առաջին անգամ մենք մտանք եթեր, սկսում էինք մի բան, որը չգիտեինք՝ մինչև ուր կհասցնենք»,  «Ռադիոլուրի» հետ զրույցում անկեղծացավ  հաղորդման պրոդյուսեր Աննա Գրիգորյանը:

Կարճ ժամանակ անց սակայն հաղորդումը ոչ միայն սիրվեց, այլև հայկական հեռուստաեթերի ամենապահանջված երաժշտական նախագծերից մեկը դարձավ: Նախագծի հաջողությունը Աննա Գրիգորյանը առաջին հերթին պայմանավորում է պրոֆեսիոնալ թիմային աշխատանքով.

«Չեմ կարող չառանձնացնել սցենարը: Երևի թե առաջին նմանօրինակ սցենարն էր, դրա համար կարողացավ ապրել և սիրվել: Ես այսօր հպարտ կարող եմ ասել, որ մենք արդարացրեցինք և ժողովրդի և մեր սպասելիքները»:

Հաղորդումը արդեն  5 տարի եթերում է, սակայն նախագծի պրոդյուսերը կարծում է, որ այն իրեն չի սպառել, քանի որ դեռևս մեծ ասելիք ունի հայկական երաժշտության ասպարեզում: Նշենք, որ տոնական հոբելյանական թողարկումը Հանրայինի եթերում կլինի վաղը՝ կիրակի, Առաջին լրատվականի կիրակնօրյա թողարկումից անմիջապես հետո:

Back to top button