Տնտեսական

Այս տարի ավելի վատ ենք ապրելու. կանխատեսումներ

lianaeghiazaryan

Այս տարի ավելի վատ ենք ապրելու՝ ավելի ծանրացած արտաքին պետական պարտքով ու ավելի մեծ ռիսկերի տակ: Այսօր նման կանխատեսումներով է հանդես եկել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին՝ տնտեսագետը հայտարարել է՝ միայն անցյալ տարվա վերջին ամսվա ընթացքում միայն դոլար-դրամ փոխարժեքի կտրուկ տատանումների հետեւանքով Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է շուրջ 200 մլրդ դրամով:

 

Անցյալ տարեվերջին դոլար-դրամ փոխարժեքի կտրուկ տատանումները միայն գնաճի չէ, որ հանգեցրին: Կտրուկ ծանրացավ նաեւ Հայաստանի արտաքին պարտքի բեռը, քանի որ Հայաստանի դոլարային պարտքերը դրամային արտահայտությամբ միանգամից ավելացան՝ առանց մեր երկիր մեկ դրամ ավելի մտնելու: «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կիսվում է իր հաշվարկներով: Այսպես՝ 2014-ի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը դրամային արտահայտությամբ 1 տրլն 914 մլրդ դրամ էր, իսկ արդեն դեկտեմբերի 31-ի դրությամբ այն հասել է 2 տրլն 109 մլրդ դրամի: Միայն մեկ ամսվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտքն աճել է շուրջ 200 մլրդ դրամով, ինչը 1 ամսվա համար չափազանց ծանր բեռ է: Եթե դրանից հանվի ԱՄՀ «Ընդլայնված ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում 17 մլն դոլարի երկրորդ տրանշը, որը  տրամադրվել է դեկտեմբերին, ավելացած ամբողջ գումարը բաժին է ընկնում միայն դոլար-դրամ փոխարժեքի տատանումներին:

Այս ամենով հանդերձ՝ Հայաստանի ամեն քաղաքացու ուսերին՝ լինի նորածին, թե տարեց, ծանրացած է շուրջ 1500 դոլարի վարկ: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը 2015-ի համար էլ առանձնապես լավատեսական կանխատեսումներ չունի: Գրեթե կասկածից դուրս է՝ Հայաստանի պարտքերն ավելանալու են, քանի որ կառավարությունը փորձելու է դրսից նոր գումարներ ներգրավել տնտեսական ակտիվությունն ավելացնելու նպատակով: Տնտեսական աճի ցուցանիշն էլ անկման միտում է ցուցաբերելու: Եթե մեր երկիրը հաջողեց անցյալ տարին փակել գոնե դրական ցուցանիշերով, ապա այս տարվա համար Եվրոպական զարգացման բանկն ու միջազգային հեղինակավոր այլ ֆինանսական կառույցներ արդեն զրոյական աճ են կանխատեսում:

Գյուղոլորտում ակտիվություն ակնկալվում է. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն է այդ հույսերը տալիս տնտեսագետին: Շինարարությունը նախորդ տարիների նման աճ չի ունենա, ներդրվող գումարներն այդպես էլ ոլորտն ուշաթափ վիճակից չեն կարողանա հանել: Գնաճը կանխատեսվում է 4+1.5 տոկոսի սահմաններում: Կենտրոնական բանկն, ամենայն հավանականությամբ, կկարողանա զսպել գների կտրուկ աճը, այն երկնիշի գոնե չի հասնի, բայց այստեղ էլ «բայց»-եր ու «եթե»-ներ կան:

Որքանով մեր գլխավոր դրամատանը կհաջողվի շարունակել ապահովել փոխարժեքի հարաբերական կայունությունը, դժվար է ասել, քանի որ 2015-ին կշարունակվեն արտարժութային պատերազմները: Տնտեսագետը հիշեցնում է՝ միայն ռուսական ռուբլու արժեզրկումը մոտ 40 տոկոսով ազդում է Հայաստանի շուկայի վրա, իսկ դոլարն ու եվրոն ավելի մեծ ազդեցություն ունեն: Տարվա համար դոլարի փոխարժեքը Վիլեն Խաչատրյանը կանխատեսում է 500 դրամին մոտ, կարծում է, որ դոլարն ու եվրոն միմյանց գրեթե համարժեք կդառնան: Քաղաքացիներին տնտեսագետի հորդորը մեկն է՝ չնետվել փոխարժեքային հորձանուտը, սեփական գումարները պահել այն արժույթով, որով ծախսում են: Ամփոփելով անցյալ տարվա ցուցանիշերը եւ համադրելով սեփական կանխատեսումներն այս տարվա համար՝ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը մեկ եզրահանգման է գալիս՝ այս տարի ավելի վատ ենք ապրելու:

Back to top button