Քաղաքական

ՎՊ հաշվետվության քննարկում՝ առանց ՎՊ նախագահի

lusinevasilyan
Խորհրդարանն այսօր քննարկել է Վերահսկիչ պալատի 2013 թ. հաշվետվությունը: Այս փաստաթուղթը ԱԺ-ն պետք է քննարկեր դեռևս  2014-ի ընթացքում, ինչը չի հասցրել անել:  Ուշացած հաշվետվությունը խորհրդարանում ներկայացնում էր ՎՊ խորհրդի անդամ  Սեյրան Ավագյանը: Իսկ պատգամավորներին, մինչև հաշվետվության բովանդակությանն անցնելը,     այլ հարց էր հետաքրքում ՝ ուր է Իշխան Զաքարյանը: ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը հիշեցրեց՝ նախորդ տարեվերջին , երբ քննարկվում էր Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը, Իշխան Զաքարյանը դարձյալ ամբիոնի մոտ չէր:

«Նախորդ անգամ ասացին, որ նա արձակուրդում է: Ինչո՞ւ է նա արձակուրդ գնում, երբ պետք է իր կարևոր գործ ունի` ԱԺ-ում պետք է հաշվտվություն ներկայացնի: Մենք հիմքեր ունենք կասկածելու, որ նրան արգելված է ԱԺ գալ»:

Կասկածները փորձեց ցրել ԱԺ նախագահը ՝ անհեթեություն է մտածել, թե Իշխանը Զաքարյանը խուսափում է խորհրդարան գալ, բայցի այդ ՝ նա անձամբ փաստաթուղթը ներկայացրել է հանձնաժողովներում ու խմբակցություններում, ինչ վերաբերում է նիստերի դահլիճում հաշվետվությունը չներկայացնելուն ՝

«Իշխան Զաքարյանն, ինչպես ցանկացած չնովնիկ, արձակուրդ գնալու իրավունք ունի»:

Պատգամավորները շարունակեցին պնդել՝ ԱԺ կանոնակարգ օրենքն է պահանջում, որ հաշվետվությունը ներկայացվի հենց կառույցի ղեկավարի կողմից: Գագիկ Ջհանգիրյանը հորդորեց  կատարել օրենքի պրիմիտիվ պահանջը, Նիկոլ  Փաշինյանն զգուշացրեց ՝ տեղակալներին, փոխարինողներին խորհրդարան գործուղելը   վտանգավոր  ավանդույթ է դառնում:  Այդ ավանդույթը 1990-ականից է գալիս, փորձում ենք փոխել՝ ասաց Գալուստ Սահակյանը: Փոխելու կոնկրետ մեխանիզմ առաջարկեց «Ժռանգությունից» Թևան Պողոսյանը:

«Պարոն Սահակյան, Դուք կարող եք դառնալ այդ մշակույթը փոխողը: Եկեք ընդհատենք քննարկումը և այն շարունակենք 2 կամ 3  շաբաթ հետո:  Օրենքը չենք խախտի,  Ձեր անունը կմտնի պատմության մեջ որպես մշակույթ փոխող, կբարձրանա նաև  հարգանքը ԱԺ նկատմամբ»:

Քննարկումը չընդհատվեց ու շարունակվեց  Գալուստ Սահակյանի այս դիտարկումից հետո ՝ «Այն թվերին` 1990-ականներին, որեւէ պատգամավոր չէր կարող նման խոսք ասել: Ողջունում եմ ձեր խոսքը, պարոն Պողոսյան, բայց  ես ուզում եմ, որ ոչ թե ես պատմության մեջ մնամ,  այլ ԱԺ-ն»:

Ի դեպ, պատգամավորների հարցերից հիմնականը, թե  ինչ ընթացք են ստացել Վերահսկիչ պալատի 2012 թվականի աղմակահարույց բացահայտումները, քննարկման ընթացքում ոչ ամբողջական , բայց պատասխան ստացավ:  Քրեական գործ հարուցել է և այն ընթացքի մեջ է՝ պարզաբանեց  ՎՊ ներկայացուիչը ու պատգամավորներին հորդորեց մյուս մամրամասները ստանալ  ոչ թե ՎՊ-ից, այլ դատախազությունից:

«Հարուցված  է մեկ գործ, բայց քննվում է ՎՊ հաշվետվությունն ամբողջությամբ: ԱԺ-ում հաղորդումով հանդես է գալիս նաև գլխավոր դատախազը: Հարցերը, թե մեր ներկայացրած նյութերից քանիսով է քրեական գործ հարուցվել, ինչ ընթացք են դրանք սատացել, կարող եք պարզել հենց գլխավոր դատախազից»:

Back to top button