Հասարակություն

Քարին Տակում կառուցվում է համայնքային կենտրոն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շուտով ավարտին կհասցնի ԼՂՀ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը: Կառույցը կյանքի է կոչվում Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի /հովանավոր` Դեվեճիէան ընտանիք/ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Գյուղը գտնվում է Շուշիից 2.5 կմ հեռավորության վրա` զառիթափ տեղանքում: Չնայած դժվարություններին` պայմանավորված այդ թվում աշխարհագրական դիրքով, կյանքն այստեղ աշխույժ է: Ընդամենն ամիսներ անց այս երկհարկանի կենտրոնում կգործեն համայնքի բուժկետը, հանդիսությունների դահլիճը, գրադարանը, համակարգչային սենյակը, գյուղապետարանը` համայնքին տալով ինքնուրույն գործելու եւ կենցաղն առավել դյուրին կազմակերպելու հնարավորություն:

Հիմնադրամի գործունեության շնորհիվ` ավելի քան 660 բնակիչ ունեցող Քարին Տակն ապահովված է ջրով, ունի բարենորոգ դպրոցական մարզադահլիճ, համայնքային կենտրոնն էլ գալիս է լրացնելու բարենորոգ ենթակառուցվածքների շարքը:
«Շուշիի կիրճում տարածված այս հյուրընկալ համայնքի հենց սկզբնամասում վեր բարձրացող կենտրոնը ամիսներ անց ջերմորեն կողջունի գյուղի բնակիչներին եւ այցելուներին»,- նկատում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Օրեր առաջ` հունվարի 26-ին, նշվեց Քարին Տակի հերոսամարտի օրը: 1992-ի այդ օրը ազերիները, շրջափակելով բնակավայրը, նպատակ ունեին բնաջնջել գյուղն ու առաջ շարժվել: Բայց քարինտակցիներն անհավասար մարտից եւ համառ դիմադրությունից հետո հաղթանակած դուրս եկան:

Back to top button