Հասարակություն

Մասնագետ էլ կա, աշխատատեղ էլ. բայց կա նաեւ գործազրկություն

lianaeghiazaryan
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 72.6 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 12.2 տոկոսով ավելի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը՝ ներկայացնելով 2014 թվականի իրենց ցուցանիշերը: Մանգասարյանը միաժամանակ շեշտել է՝ խոսքը ողջ հանրապետությունում առկա գործազրկության մասին չէ, այլ այն պատկերի, որը ստացվում է Զբաղվածության պետական ծառայություն դիմողների թվի հիման վրա:

 

Զբաղվածության պետական գործակալությունում հունվարի 1-ի տվյալներով գրանցված է շուրջ 73 հազար մարդ: Սա նշանակում է, որ այդքան մարդ, ինչն ի դեպ, Հայաստանի բնակչության ավելի քան 16 տոկոսն է, աշխատանք գտնելու հույս է կապել պետական կառույցի հետ: Իրական գործազրկությունն, իհարկե, շատ ավելի բարձր է: Տարբեր գնահատումների համաձայն՝ նշվածից նույնիսկ 3-4 անգամ անգամ ավելին: Դա պայմանավորված է գնահատումների տարբեր մեթոդներով: Որոշ գնահատումներով՝ գյուղացիները չեն համարվում գործազուրկ՝ հիմնավորմամբ, որ նրանք զբաղված են հողագործությամբ: Այս հարցը երբեմն տարաձայնությունների հիմք է հանդիսանում: Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2014թ-ին Հայաստանում գործազրկությունը կազմել է 17.1 տոկոս: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը հարցին այլ կողմից էլ է մոտենում, ասում է՝ այդ թիվը վերջնական չէ: Բայց նրա դիտարկումը  ոչ թե գործազրկության ցուցանիշի ավելացման, այլ նվազման «օգտին է», քանի որ, ըստ նրա, շատ մարդիկ քողարկված զբաղվածներ են»:

Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը ներկայացնում է այն պատկերը, որը ստացվում է իրենց ծառայություն դիմող աշխատանք փնտրողների թվի հիման վրա:

Գործազուրկների թվաքանակը  կազմում է աշխատանք փնտրողների 91.4 տոկոսը կամ 65.900 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 17.9 տոկոսով (59.6 հազար մարդ)»,-ասաց Մանգասարյանը: Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2014-ի հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը  կազմում է 64.9 հազար, որից 46.6 հազարը կանայք են, 15.8 հազարը՝ երիտասարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.5 տոկոսով: Ըստ արձանագրված տվյալներիˋ շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 71.8 տոկոսը, կամ 44.8 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.7 -ը կամ 15.1 հազար մարդ: Հաշմանդամություն ունեցողները հաշվառվածների 3.2 տոկոսն են:

Ըստ տարիքային խմբերի՝ աշխատանք փնտրողների 16%-ը բաժին է ընկնում 55-ից բարձր տարիքի անձանց: Իսկ անմրցունակ անձանց թվաքանակն աշխատաշուկայում 55.2 հազար է կամ գործազուրկների թվաքանակի 83.8%-ը: Հաշվառված գործազուրկների մեջ բարձագույն և հետբուհական կրթություն ունեցողները 14.3% են, միջին մասնագիտական կրթություն ունեցողները՝ 20.4%-ը: Ամենամեծ խումբը միջնակարգ կրթություն ունեցողներինն է՝ 50.3%-ը: Շատ են դեպքերը, երբ աշխատանք գտնելու հույսով իրենց դիմում են նաեւ աշխատանք ունեցողները, մարդիկ, ում  ունեցած աշխատանքն իրենց սրտով չէ կամ մասնագիտությանն ու կրթական զենզին է անհամապատասխան: Ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ գործակալությունում գրանցված՝ բարձրագույն կրթությամբ մարդիկ ստանձնում են աշխատանք, որի համար ամենեւին էլ բարձրագույն կրթություն չի պահանջվում:  Ուստի ստացվում է, որ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91.4 տոկոսը կամ 65.9 հազարը: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 17.9 տոկոսով ավելին է:

Ի դեպ՝  մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տեխնիկները, ֆինանսիստները, տնտեսագետները: Գործակալության պետը նկատում է՝ ամենապահանջվածը բժշկի մասնագիտությունն է: Հատկապես մարզերում բժիշկների, բուժքույրերի, ուսուցիչների մեծ պահանջարկ կա, դա այն դեպքում, երբ նույն մասնագիտության տեր մեծաթիվ մարդիկ գործազուրկ են մայրաքաղաքում:

«Այսօր նաեւ արհեստագործների մեծ պահանջարկ կա»,-ասում է Մանգասարյանը:

Լուրջ խնդիր է նաեւ մի կողմից բարձր որակավորում ունեցող մասնագետների սղությունը,  մյուս կողմից՝ ցածր աշխատավարձերի հարցը:

2014 թվականին ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդել, որի նպատակն է ապահովել անձի կայուն զբաղվածությունը: Նոր մոդելի ներքո գործում է պետական 13 ծրագիր, որից 4-ը` նոր: Արդյունքում 9.8 տոկոսով ավելացել է զբաղվածության կենտրոն դիմողների թիվը, ավելի քան 3 անգամ մեծացել է ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց թիվը` գերազանցելով 7 հազարը: Այսպիսով, 2014թ-ին աշխատանքի է տեղավորվել 11.5 հազար աշխատանք փնտրող: Դրան զուգահեռ գործակալությանն է ներկայացվել 24 հազար 81 թափուր աշխատատեղ: Պետությունը շարունակում է գործատուներին փոխհատուցել հաշմանդամ ու անմրցունակ աշխատողների աշխատավարձի մի մասը: Աջակցություն է տրամադրվել 349 երիտասարդ մասնագետի` աշխատանքային փորձ ձեռք բերելու համար: «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրով էլ ժամանակավոր աշխատանքով է ապահովվել 1800 հողօգատգործող: Այս ծրագրերն այս տարի էլ կշարունակվեն:

Back to top button