Յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր սկզբուքնով խորհրդարանական պատվիրակություն կձևավորվի, որն ամենայն հավանականությամբ ուրբաթ կմեկնի Արցախ՝ այսօր «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Երեկ, հիշեցնենք, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճում հայտարարությամբ անդրադարձել էր Բերձորում Հիմնադիր խորհրդարանի և ԼՂՀ իրավապահների միջև տեղի ունեցած միջադեպին, ավտոերթի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնություններին և առաջարկել էր խորհրդարանական պատվիրակություն ձևավորել ու մեկնել Ստեփանակերտ ՝ տեղի ունեցածը ԼՂՀ պատգամավորների հետ քննարկելու նպատակով:
«Առաջարկը եղել է, և մենք դեմ չենք, որ այն իրականանա: Ճիշտ է՝ խորհրդարանում կան և այդ նախաձեռնությունը պաշտպանողներ, և ընդվզողներ, բայց որոշել ենք նախնական պայմանավորվածությամբ ուրբաթ օրը մեկնել Արցախ, տարբեր հանդիպումներ ուենալ , այդ թվում նաև ԼՂՀ նախագահի հետ»:
Ի դեպ, խորհրդարանում միջադեպին տարբեր գնահատականներ տրվեցին: Բռնությունը դատապարտող հայտարարություններից բացի, եղան նաև ՀԽ-ի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ քաղաքական պայքարը Ղարաբաղ տեղափոխելու մտադրությունը դատապարտողներ: Պատգամավորներից Խաչատուր Քոքոբելյանը քննարկումների այս բևեռացումը վտանգավոր է համարում և կարծում է , որ խորհրդարանականների Արցախ մեկնելը կարող է թուլացնել միջադեպից հետո առաջացած լարվածությունը:
«Ամենամեծ վտանգն այն հիստերիան է, որը կա քաղաքական շրջանակներում տեղի ունեցածն ավելի սրելու առումով: Այս իմաստով, կարծում եմ, Արցախ մեկնելու, այնտեղ հանդիպումներ ունենալու անհրաժեշտություն կա, հատկապես որ ԼՂՀ-Հայաստնան միջխորհրդարանական խումբ ունենք» :