Հասարակություն

ԿԳ նախարարության 2015-ի ծրագրերը

sonahakobyan
Կրթությունը թերևս մնում է այն բնագավառը, որը մշտապես բարեփոխումների կարիք ունի: 2015 թվականը ևս խոստանում է ոլոևտի համար լինել նոր կրթական նախաձեռնությունների և արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման տարի: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով այս տարվա ծրագրերը նշել է, որ այն ծրագրերը որոնք 2014 թվականին անցան փորձնական փուլ, այս տարի արդեն հիմնովին կներդրվեն կրթական համակարգում: Դրանցից են օրինակ «Ազգային երգ ու պար» առարկան, ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումները: 2014-2015 ուսումնական տարում, 6 առարկայական օլիմպիադաներին զուգահեռ, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության թիմի մասնակցությունը «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադային:

Կրթության  և գիտության, պաշտպանության նախարարությունների և «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության միջև 2014 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում 2015 թվականի ընթացքում ՀՀ բոլոր դպրոցներում նախատեսվում է ձևավորել պատանի երկրապահների ակումբներ: Նախաձեռնության նպատակը դպրոցակաների՝ վաղ տարիքից  ռազմահայրենասիրական դաստիրակությունն է, ազգային գաղափարախոսության և արժեքների պահպանումը, հայապահպան մտածելակերպի ձևավորումը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի տեղեկացմամբ այս նախաձեռնության հիմքը դրվել է դեռևս 2014 թվականին:

Պատանի երկրապահների ակումբները կկազմակերպեն տարբեր միջոցառումներ՝ հայրենիք, ազգային մշակույթի, մշակութային բազմազանություն, հայկական մշակույթի դերը տարածաշրջանի և համաշխարհային մշակույթի զարգացման գործում, ավանդույթներ, հայկական էպոս, հայկական բնաշխարհ, բնապահպանություն, արվեստ, հայոց լեզու, գիր, գրականություն և այլն թեմաներով: 2015 թվականից ՀՀ շուրջ 100 դպրոցների 5-րդ դասարաններում կներդրվի նաև «Ազգային երգ ու պար» առարկան: Առարկայի ներդրման նպատակը մշակույթի միջոցով և մեր հազարամյա երաժշտական ավանդույթների փոխանցման շնորհիվ նոր սերնդի ազգային ինքնագիտակցության և գեղագիտական ճաշակի բարձրացումն է, սերունդների մտավոր, հոգևոր զարգացումն ու ազգային հոգեկերտվածքի հզորացումը:

Այս տարի նախատեսվում է ստեղծել նաև ստեղծել շախմատի խմբակներ 5-ից 9-րդ դասարանների աշակերտների համար՝  որպես կրթական լրացուցիչ ծառայություն:Նախաձեռնությունը պայմանավորված է նախորդ տարիներին տարրական դպրոցներում առարկայի դասավանդման արդյունավետությամբ և, պարունակելով գիտության, արվեստի և սպորտի տարրեր, նպատակ ունի աշակերտի մեջ զարգացնել ինքնուրույն աշխատանքի միջոցով  հաջողությունների հասնելու կարողություններ:

Ինչպես նկատեց ԿԳ նախարարը արվեստի առումով շախմատ առարկան զարգացնում է աշակերտի ճաշակը, գեղեցիկը ընկալելու և գնահատելու կարողություններ, իսկ սպորտի տեսանկյունից զարգացնում աշակերտի կամային որակները, մինչև վերջ պայքարելու, օբյեկտիվ լինելու, ճիշտ գնահատելու, ինչպես նաև արժանապատիվ պարտվելու կարողություններ: Շախմատը նպաստում է նաև աշակերտի ինքնադրսևորմանը, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների ձևավորմանը:

Back to top button