Հասարակություն

Աստիճանաբար լուծվում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը.Արմեն Ալավերդյան

sonahakobyan
«Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը ներկայացնելով  հաշմանդամության ներկա իրավիճակը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ միայն Երևանի քաղաքապետարանն է, որ ձևական կողմից բացի համեմատաբար պահպանում է նաև գործնական կողմը: Աստիճանաբար կարծես լուծվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը, նշել է Արմեն Ալավերդյանը՝ հույս հայտնելով որ ժամանակի ընթացքում այդ ծրագիրն իսկապես կարդարացնի իրեն և ոչ թե դարձյալ ձևական բնույթ կկրի:

 

 

Շատ ավելի լավ կլիներ, եթե երկիրը ներառական դարձնելու ճանապարհին ձևական բնույթի ծրագրերի փոխարեն գերակշռեին գործնական քայլերը: Մինչև հիմա պետական կառույցներից միայն Երևանի քաղաքապետարանն է, որ ոչ միայն խուսում, այլև իրականացնում է այդ ծրագրերը: «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի տեղեկացմամբ՝ վերջին երկու տարում Երեւանում բավականին  դրական փոփոխություններ են կատարվել, սկսել են լավ թեքահարթակներ կառուցել, որոշ չափով հեշտացել է տեղաշարժը:

Աստիճանաբար կարծես լուծվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը: Արդյոք դրանք ևս ձևական խոսակցություններ են, թե ռեալ առաջընթաց, ցույց կտա ժամանակը, նկատեց Արմեն Ալավերդյանը:

Արմեն Ալավերդյանն անդրադարձավ նաև մատչելի միջավայրին, և պետության կողմից տրամադրվող անվասայլակներին: ՀԿ տնօրենը նշեց, որ չնայած հարմարավետությանը, որակապես և դիմացկունությամբ այդ անվասայլակները շատ հեռու են դրանց կարիքն ունեցող մարդկանց սպասումներից:

Ոլորտի ամենակարևոր խնդիրը սակայն շարունակում է մնալ ներառական կրթությունը: Ինչ զբաղվածության մասին կարող է լինել խոսքը, եթե անգամ համապատասխան կրթությունն է ոչ մատչելի: Արմեն Ալավերդյանը նշեց, որ ավելի լավ կլիներ ունենայինք ավելի քիչ, բայց իրականում ներառական կրթություն իրականացնող դպրոցներ, իսկ այն ինչ այժմ ունենք, եզրեր անգամ չունի ներառական կրթության հետ:

Կարդացեք նաև

Back to top button