Հասարակություն

«Դվին» հյուրանոցի, «Միկա» մարզադաշտի, ԱԳՆ շենքի հետագա ճակատագիրն ու վարչապետի հետ կոնֆլիկտը

lianaeghiazaryan

Կառավարության առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր ամփոփել է 2015-ի ընթացքում կատարված աշխատանքները եւ ներկայացնելով արձանագրված ցուցանիշերը՝ դրանք մասամբ որակել աննախադեպ: Սահակյանն այսօր բազմաթիվ թվեր է ներկայացրել, միաժամանակ պատասխանել նաեւ «Ռադիոլուր»-ի հարցին այն մասին, թե ինչպես է որոշվում այս կամ այն կառույցը պետական այս կամ այն պետական հիմնարկին տրամադրելու նպատակահարմարությունը: «Դվին» հյուրանոցից մինչեւ մարզահամերգային համալիր, «Միկա» մարզադաշտ ու ԱԳՆ նոր շենք:

 

 

Հայրենի կառավարությունն անցյալ տարվա իր նիստերից մեկի ժամանակ որոշում կայացրեց «Միկա» մարզադաշտն անհատույց տրամադրել Ֆինանսների նախարարությանը: Վերջինս էլ այն ուղղեց իր պետական ոչ առեւտրային կազմակերպություններից մեկին: Որոշումը հիմնավորվեց ֆինանսական գերատեսչության աշխատակիցների մարզական վիճակը բարելավելու կարիքով եւ անհրաժեշտությամբ: Կառավարության առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից «Ռադիոլուր»-ը հետաքրքրվեց՝ արդյոք իրոք ամենանպատակահարմարը հսկա մարզադաշտը հենց ֆինանսների նախարարությանը տրամադրելն էր:

Նույն հարցն է ծագում նաեւ մարզահամերգային համալիրի դեպքում: Աղմկահարույց աճուրդներից հետո կառույցը հասավ պաշտպանության նախարարությանը: Հասցեատիրոջ ընտրության նպատակահարմարության մասին հարցը պետգույքի կառավարման վարչության պետն այսպես մեկնաբանեց: 

«ՄՀՀ -ն որպես գույք հանձնվելու է ի վերջո Հայաստանի Հանրապետությանը»:

Ի դեպ, մինչ պետական կառույցները «Միկա» մարզադաշտում որոշ միջոցառումներ ու ֆուտբոլային հանդիպումներ են ծրագրում, «Միկա»-ում ներկայում մարզվող ակումբները մտահոգվում են՝ արդյոք իրենք շարունակելու են հնարավորություն ունենալ օգտվել մարզադաշտից, եւ արդյոք արդեն պետական գույք հանդիսացող դաշտում մարզվելն իրենց նոր ծախսերի առջեւ չի կանգնեցնի:

Առաջ անցնելով հիշեցնեմ՝ մամուլը որոշ ժամանակ առաջ ներկայացնում էր կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի երկխոսությունից մի հատված, երբ վերջինս ներկայացրած նախագծով առաջարկում էր օտարել Երևանի Կիևյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող 450 քմ մակերեսով շենք-շինությունները: Վարչապետը դեմ էր արտահայտվել բնակելի տարածքից մարդկանց հանելու եւ ունեցած պարտքի դիմաց նրանց գույքն օտարելու նախագծին՝ իր դիրքորոշումը ձեւակերպելով «նրանց փողոց չգցելու» մտադրությամբ:

Լրատվամիջոցները կոշտ էին բնորոշել վարչապետի վերաբերմունքը Արման Սահակյանի հանդեպ: Այսօր էլ լրագրողները հետաքրքրվեցին նշված հասցեի շինության եւ դրա բնակիչների հետագա ճակատագրով: Սահակյանն էլ բացատրեց՝ այդ մարդիկ պարտք են պետությանը և այդ տարածքը հիմա պիտի օտարվի, որպեսզի այդ պարտքն էլ մարվի:

Հարցին, թե ինչու անհրաժեշտ այդ բացատրությունները չտրվեցին գործադիրի նիստի ժամանակ, որին պիտի հետեւեին աղմկոտ մեկնաբանությունները, Սահակյանը կարճ պատասխանեց՝ այսպես:

«Լավ արեցի»:

Ինչու այդպես էլ չի հանգուցալուծվում «Դվին» հյուրանոցի խնդիրը: Երբեմնի շքեղ հյուրանոցն այսօր կիսավեր վիճակում շարունակում է սպասել դրա սեփականատիրոջ՝ տարիներ ի վեր խոստացվող ու պարտավորված ներդրումներին: Հիշեցնեմ՝ 2004թ.-ին կնքված պայմանագրով սեփականատերը պարտավորվել էր կատարել 10 մլն դոլարի ներդրում, սակայն այդպես էլ չէր կատարել: 2011-ին Արման Սահակյանը փոխանցել էր, որ սեփականատերերի հետ բանակցությունների արդյունքում նոր պարտավորագիր է ստորագրվել: Ըստ այդմ` սեփականատերը մինչև 2014թ.-ը պետք է կատարեր նշված ներդրումները, այլապես կվճարի տուգանք դրանց 12%-ի չափով: Սահակյանը 3 տարի առաջ խոստացել էր, որ, մեջբերում եմ, «մինչև 2014թ.-ը, հնարավոր է ավելի շուտ, «Դվին» հյուրանոցի խնդիրը լուծված կլինի»: Իսկ արդեն այսօր Արման Սահակյանը խնդրի լուծման նոր ժամկետեր ներկայացրեց:

«Հիմա մենք պիտի մի փոքր սպասենք, մինչեւ փետրվարի 15-ը պիտի ներկայացվի ծրագրերը, մարտ ամսին կորոշենք»:

Արտաքին գործերի նախարարության շենքի մասին: Հիշեցնեմ՝ 2012թ. ին գործադիրը կառավարական թիվ 2 մասնաշենքն օտարեց հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: Արտգործնախարարության նոր շենքը կլինի Զաքյան 2/1 եւ Վազգեն Սարգսյան 3 հասցեում` դատախազության շենքի և նախկին «Սևան» հյուրանոցի միջանկյալ հատվածում:

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նոր շենք կտեղափոխվի 2016 թվականի ընթացքում»:

Արման Սահակյանն այսօր նաեւ երկար ու մանրամասն տարբեր թվեր ու ցուցանիշեր ներկայացրեց: Իր ցեկավարած կառույցի ցուցանիշերի մի մասը Սահակյանն աննախադեպ համարեց:  Պետական գույքի կառավարման վարչության համար 2014թ.  արդյունավետ աշխատանքի տարի է եղել: 2014 թ. պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից գոյացել է 2 մլրդ 183 մլն 381 հազար դրամ: 2014-ին վարչությունը շարունակել է պետական գույքի կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության կարգավորման և լուծարման բնագավառներում կառավարության որդեգրած քաղաքականությունը: Ազգային ժողովն անցյալ տարի ընդունել է «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքը, Սահակյանի բնորոշմամբ՝ առաջին մայր օրենքը: Անցյալ տարի պետգույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 178 մլն դրամ, որից պետբյուջե է փոխանցվել 144 մլն-ը, 34 մլն-ն ուղղվել է համայնքային բյուջեներ: 2014թ. պետական գույքի օտարումից գոյացել է 1 մլրդ 665 մլն դրամ, որից միայն պետբյուջե է փոխանցվել 1 մլրդ 488 մլն-ը:

Back to top button