Հասարակություն

Սբ. Սարգսի տոնը նաեւ ժողովրդական ավանդույթ

satikisahakyan

 

Սիրո արագահաս բարեխոս  սուրբ Սարգսի տոնը  բացի եկեղեցական ծեսից նաև ժողովրդական ավանդույթ է, որի տոնակատարությանը անհամբերությամբ սպասում են  երիտասարդները, հատկապես՝ սիրահարները: Սուրբ Սարգսի տոնը  համադրվում է աղի բլիթի  և փոխնդե խաշիլի հետ, ուտեստներ, որոնք սուրբ Սարգսի տոնի պարտադիր բաղադրիչներն են եղել:

Ավագ սերունդն այս արարողակարգին հատուկ նշանակություն է տվել: Սուրբ Սարգսի տոնի նախօրեի երեկոյան  սկուտեղի մեջ լցված ալյուրը կամ փոխինդը դնել կտրին, ապա  ուտել աղի բլիթը  և պապակած քնել, իսկ առավոտյան փոխնդե խաշիլից պատրաստված բրդուճը դնել կտրին ու սպասել ծտի գալուն, թե որ ուղղությամբ է տանելու բոված ցորենի ալյուրից պատրաստված համեղ կերակրի բրդուճը: 63-ամյա Նադյա Շաղոյանը  թեև 38 տարի ապրում է Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում, սակայն չի մոռացել իր հարազատ բնակավայրի՝ Շիրակի մարզի Արթիկի շրջանի Փարոս գյուղի,  ավանդույթներն ու սովորույթները:

Սուրբ Սարգսի ձիու պայտի հետքը դաջվել էր  նաև իրենց դրած փոխնդե ալյուրի վրա, որը հավատալու տեղիք էր տվել իրեն ու հորեղբոր աղջկան:

Այնուհետև սուրբ Սարգսի տոնի նախօրեին պատրաստում էին աղի բլիթներ: Նադյա Շաղոյանը նշեց, որ աղի բլիթներ ուտում էին արդեն հասունացած աղջիկները, որոնք հարսնանալու տարիքի էին: Աղի բլիթը ուտելուց չպետք է ջուր խմել, որպեսզի երազում իր փեսացուի ձեռքի ջրով  հագեցներ ծարավը: Նադյան աղի բլիթ չի կերել, զուտ աղիության պատճառով, սակայն իր հետագա ճակատագրի որոշման մեկ այլ ավանդույթ է կիրառել:  Փոխնդե խաշիլից  պատրաստված բրդուճը դրել է կտուրը, ծիտը տարել է այն ուղղությամբ, որտեղ էլ հարս է գնացել՝ Ամասիա:

Ներկայում այս ավանդույթները գրեթե չեն պահպանվել, բացառությամբ աղի բլիթն ուտելու սովորույթից:  Ավանդույթներն ու սովորույթները մեր մշակույթն են, մեր պատմության մասը: Նադյա Շաղոյանը խորհուրդ տվեց երիտասարդներին ականջալուր լինել ավագների խոսքին ու պահպանել մշակույթը:

Back to top button