Մշակույթ

Անահիտ Բոստանջյան`Թբիլիսիում ապրող ու ստեղծագործող, ժողովուրդներ ու գրականություններ կամրջող հայուհին

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Թբիլիսիիում հայ գրական կյանքը աշխուժություն է ապրում. գրքեր են տպագրվում, միջոցառումներ են անցկացվում, քանի դեռ կան գործի նվիրյալներ:  Անահիտ Բոստանջյան. թբիլիսահայ հայտնի բանաստեղծուհին ու թարգմանչուհին վստահ է` «Հայ գրականության ջահը երբեք չպիտի հանգչի Թբիլիսիում»:
 

 

«Վրաց մշակույթի դեսպան». պատահական չէ Թբիլիսիի քաղաքապետարանը նման կոչման արժանացրել թբիլիսահայ բանաստեղծուհուն. նա մեծ դեր ունի հայ-վրացական գրականությունների մերձեցման գործում: Ավելի քան 30 գրքի հեղինակ է` բանաստեղծական ու թարգմանական (վրացերենից հայերեն և հայերենից վրացերեն):

«Թող զարմանալի չթվա, որ ես միշտ իմ թարգմանական գրքերը ինձ եմ վերագրում. յուրաքանչյուր թարգմանիչ համահեղինակ է. եթե մի գրականություն  ներկայացնում ես մեկ այլ լեզվով, այն  դառնում է այդ գրականության սեփականությունը, իսկ հեղինակը դու ես, հետևաբար գիրքը նաև քոնն է»:

Այնպես, ինչպես և իր բանաստեղծական ժողովածուները, որ թարգմանվել են վրացերեն, արդեն դարձել են նաև վրաց ժողովրդի սեփականությունը:

Այսպիսով, հայ ընթերցողը Բոստանջյանի շնորհիվ կարողանում է ծանոթանալ վրացի և՜  դասական, և՜  ժամանակակից գրողներից շատերի ստեղծագործություններին:  Դա մի բարդ գործընթաց է. արդյո՞ք ճիշտ  ու անսխալ ես մուտք գործում ուրիշ հեղինակի լեզվաոճական համակարգ, արդյո՞ք ստեղծում ես արժեք արդեն հայ գրականության համար. մտորում է  թարգմանչուհին՝ հավելելով, որ մեծ հաճույքով է  թարգմանել  Վաժա Փշավելային, Գրիգոլ Ռոբաքիձեին, Թամազ Ճիլաձեին,  Ռեվազ Միշվելաձեին, Իրակլի Սամսոնաձեին և վրաց գրականության այլ մեծերի, ինչպես  և հայերենից  վրացերեն` Սոնա Վանին, Օքրո Օքրոյանին, Ավիկ Դերենցին, Վարդան Հակոբյանին և մի շարք այլ հայ գրողների:

«Որքան սիրում եմ իմ ժողովրդին, այնքան էլ վրաց ժողովրդին եմ սիրում ի սրտե. ես պաշտում եմ վրաց գրականությունը, պոեզիան: Չեմ կարող չգնահատել վրացական էստրադան, երգը, չզմայլվել վրացական պարով, և այդ սերն էր, որ ինձ տարավ դեպի վրաց մշակույթը: Ուրեմն ես հավասարապես ծառայում եմ երկու ազգի իմ նպատակն է` ծառայել հայ-վրաց ժողովուրդների մերձեցմանը, դարերից եկող բարեկամության ամրապնդմանը և այս պատգամը հանձնել երիտասարդ սերնդին»:

Բոստանջյանը  90-ականների սկզբին, երբ գրական կյանքն էլ  կարծես կանգ էր առել, մութ ու ցուրտ տարիներ էին, երբ փակվում էին անգամ վրացալեզու պարբերականները, աշխատում էր, որ  հնագույն (100-ամյա) «Կամուրջ» գրական-գեղարվեստական տարեգրքի  ընթացքը կանգ չառնի: Ընդամենը չորս տարվա ընդմիջումից հետո «Կամուրջը»  նրա ջանքերի շնորհիվ շարունակեց տասնամյակների իր կենսագրությունը:  Այն  երկու ժողովուրդների բարեկամության կամուրջն է, որի հիմնադրումը կապված է դեռ Հովհ. Թումանյանի անվան հետ:  «Կամուրջն» այսօր իր էջերում է հավաքում հայ և վրացի, վերջին տարիներին նաև Հայաստանի, Արցախի և սփյուռքի  գրողների ստեղծագործությունները: Անահիտ Բոստանջյանը հիմնականում սիրում է ամեն ինչ մենակ անել, վստահել սեփական ուժերին.

«Ամեն ինչ մենակ եմ  անում: Տարեգրքի մի քանի համար պարտքով ես եմ հովանավորել:  Սակայն բարի մարդիկ կան. երջանկահիշատակ կաթողիկոս Գարեգին Առաջինը, Օքրոյանները (Մկրտիչ և Հարություն) առաջինն էին, որ  փրկեցին տարեգիրքը կործանումից: Իսկ այսօր այն հովանավորում է Սփյուռքի նախարարությունը, և  բոստոնաբնակ իմ գրչընկեր Ավիկ Դերենցը, ով աջակցում է նաև իմ կողմից հիմնադրած թարգմանական գրականության մատենաշարին:  Զարմանալի է, չէ՞. Բոստոնում է ապրում մարդը,  բայց հոգում է, որ  Վրաստանում  հայ գրականության երակը բաբախուն, ռիթմիկ վիճակում մնա»:

Բոստանջյանը համոզված է, որ  հայ գրականության ջահը երբեք չպիտի հանգչի Թբիլիսիիում` հայ գրականության ու մշակույթի երբեմնի կենտրոնում:  Սակայն, այսօր թբիլիսահայությունը հեռանում է իր արմատներից. մտահոգվում է  բանաստեղծուհին, կոչ անելով ծնողներին երեխաներին հայկական դպրոց տանել.

«Ես ուզում եմ որ մենք իսկական հայասերներ լինենք.  իսկական հայասիրությունը հայկական կրթութություն ստանալն է: Երազում եմ տեսնել նաև  այն օրը, երբ  մի նոր Ներսիսյան դպրոց պիտի սրբազանը պարգևի տեղի հայությանը»:

Անահիտ Բոստանջյանը Թբիլիսիի «Մերանի» հրատարակչության հայերեն հրատարակությունների խմբագիրն է, «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրը, «Վրաստան» թերթի բաժնի վարիչներից, հայաստանյան Օքրո Օքրոյանի անվան  հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչը, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ է:   Արժանացել է բազմաթիվ պարգևների  ու շնորակալագրերի, Վաժա Փշավելայի մրցանակի դափնեկիր է,Վրաստանի Պատվո շքանշանակիր, Նիկո Նիկոլաձեի անվան մրցանակակիր (խմբագրական ու հրապարակախոսական   գործունեության համար),  ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր,  ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր , Սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության «Հակոբ Մեղապարտ» մեդալակիր: Վրաց մշակույթի դեսպան է:  

Back to top button