ԿարևորՔաղաքական

ՄԻԵԴ-ում ավատվեց Փերինչեքի գործով դատաքննությունը. վճիռը կհրապարակվի մի քանի ամիս հետո

lusinevasilyan

Այսօր մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը սկսել է Դողու Փերինչեքի գործով դատաքննությունը: Սա, ըստ էության, գործի երկրորդ փուլն է. ՄԻԵԴ-ը երկրորդ անգամ է անդրդառնում հարցին:  2013 թվականի դեկտեմբերի 17-ին դատարանը  բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի: Վճռից մի քանի ամիս անց Շվեյցարիայի կառավարությունը նոր հայց էր ներկայացրել՝ գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Գործում որպես երրորդ կողմ ներգրավված են Հայաստան  ու Թուրքիան: Քննությունը  մեծ հնչեղություն է ձեռք բերել, նաև հատուկ կարևորություն  ստացել Ցեղասպանության 100-րդ տարլիցին ընդառաջ: Ի դեպ,  դատալսումներն ընթացել են դատարանի շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիաների ուղեկցությամբ: Ակցիայի մասնակիցները. «1915թ՝  այլեւս երբեք», «Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակն է» գրություններով պաստառներ են բարձրացրել: Թե ինչ վճիռ կկայացնի ՄԻԵԴ-ն այս անգամ,  դեռ պարզ չէ: Դատարանի անդամներն այսօր լսել են բոլոր կողմերի բանավոր պարզաբանումները, որից հետո արդեն դռնփակ խորհրդակցությունների արդյունքում վճիռ կկայացնեն: Այն, ի դեպ, առնվազն մի քանի ամիս կպահանջի:

 

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարնում այսօր լսվող գործը  ավելի քան 8 տարվա նախապատմություն ունի:  2007 թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը առաջինն էր, ով Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության հերքման համար: Տարբեր համաժողովների ժամանակ  նա հայերի ցեղասպանությունն անվանել  էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրա դեմ հայց էր ներկայացրել Շվեյցարիայի շրջանային դատարան:

Նույն թեզերը թուրք գործիչը կրկնել էր նաև դատական նիստերի ընթացքում՝ հայտարարելով, որ ինքը «չի մերժել ցեղասպանությունը, քանի որ ցեղասպանություն չի եղել»: Արդյունքում, 2007թ. մարտին Շվեյցարիայի շրջանային դատարանը նրան մեղավոր ճանաչեց օրենսդրությունը խախտելու մեջ եւ որոշեց 12 000 շվեյցարական ֆրանկ տուգանք նշանակել: Հաջորդ ատյանը՝ Շվեյցարիայի Դաշնային Գերագույն դատարանը, անփոփոխ թողեց այդ որոշումը, իսկ Փերինչեքը հայտարարեց, որ կդիմի ՄԻԵԴ և դիմեց:

Մի քանի տարի տևած քննությունից  հետո ՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին, ՄԻԵԴ-ը հրապրակեց վճիռը.  Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի բավարարվեց, իսկ շվեյցարական օրենքն համարվեց խոսքի ազատության սկզբունքի խախտում: Դատարանը նշեց, որ «քրեական դատապարտումը 1915թ. և դրանից հետո հայ ժողովրդի դեմ կատարված վայրագությունների մերժման համար արդարացված չէր»:

ՄԻԵԴ-ը  որոշումն այսպես էր հիմնավորել. «Զգայուն և հակասական հարցերի բաց քննարկման իրավունքի ազատ իրականացումը կարծիք արտահայտելու ազատության հիմնարար բաղադրիչներից  մեկն է, որն էլ հենց  հանդուրժողական ու ժողովրդավար  հասարակությունը տարբերակում է տոտալիտար կամ բռնատիրական ռեժիմից»:

Սա ՄԻԵԴ-ի կողմից արված միակ տարբերակումը չէր: Դատարանը  հստակ սահմանազատում էր դրել նաեւ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջեւ` նշելով, որ վերջինի վերաբերյալ գոյություն ունեն կոնկրետ պատմական փաստեր, ինչպիսիք չկան Հայոց ցեղասպանության դեպքում:

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունեց ՄԻԵԴ-ի որոշումը` այն անվանելով «խոսքի ազատության պաշտպանության ուղենիշ», Հայաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես չարձագանքեց դատավճռին, սակայն փորձագետները  մտահոգություն հայտնեցին, վճիռը կարող է նախադեպ դառնալ  ապագայում  նման որոշումների կայացման համար:

 

Շրջադարձը տեղի ունեցավ 2014-ի մարտին. Շվեյցարիան որոշեց օգտվել դատավճիռը բողոքարկելու իրավունքից: Այսօր ընթացած քննությունը հենց նախորդ վճռի  բողոքարկումն է: Ի տարբերություն նախորդ քննության՝ այս անգամ գործում որպես երրորդ կողմ ներգրավված են Հայաստանն ու Թուրքիան:  Մինչև  լսումները ` կողմերը գործի վերաբերյալ իր պարզաբանումները  ներկայացրել էին  գրավոր, իսկ այսօրվա  նիտում դիրքորոշումը նաև բանավոր ներկայացնելու  հնարավորություն են ունեցել:

 

Ելույնթներով հանդես են եկել բոլոր կողմերը:  ՄԻԵԴ-ում Հայաստանի  կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը նշել է, որ պատմական անհերքելի փաստերի մի մեծ զանգված ապացուցում է  Օսմանյան կայսրության կողմից  Հայոց ցեղասպանության պլանավորման և իրագործման անհերքելիությունը:

Հայաստանի շահերը պաշտպանող միջազգային փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը  դատավորների ուշադրությունը հրավիրել է  այն փաստի վրա, որ 2005 թվականին Դողու Փերինչեքը այցելել է Շվեյցարիա` հատուկ նպատակ ունենալով այնտեղ խախտել շվեյցարական օրենքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժխտողական հայտարարություններ անելու միջոցով: Փաստաբանը ՄԻԵԴ Մեծ պալատին կոչ է արել  ուղղել նախորդ ատյանի թույլ տված սխալը ։

Ժամանակակից Թուրքիայում խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության տխուր փորձն ու բարքերը, ազգային հողի վրա Հրանտ Դինքի սպանությունն էլ դատարանին  հիշեցրել է Հայաստանի շահերը ներկայացնող Ամալ Ռամզի Քլունին:

Իսկ ահա Փերինչեքի պաշտպանը հայտարարել է. ՄԻԵԴ-ը 1000 տարի էլ  քննի այս գործը, ռասիզմ եւ խտրականություն չի կգտնի։

Կգտնի թե, ոչ՝ պարզ կդառնա ՄԻԵԴ դատավորների փակ խորհրդակցություններից ու քննարկումներից հետո, որոնց արդյուքնում էլ կհրապարակվի դատարանի վճիռը: Իսկ այն այդքան էլ շուտ չի ակնկալվում.  Դրա համար առնվազն մի քանի ամիս կպահանջվի:

 

Back to top button