ԿարևորՀասարակություն

Թևոս և Քրիստինե Իլիկչյաններ` ՀՀ ԶՈւ «պարաշյուտային» հզոր թեւերը

lianaeghiazaryan
Հայոց բանակի լավագույն կին զինծառայող: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ հենց այս կոչմանն ու պարգեւին արժանացրեց Քրիստինա Իլիկչյանին: Թեւոս եւ Քրիստինա Իլիկչյան ամուսինները Հայոց բանակում լրջագույն առաքելություն են ստանձնել:

Հայոց բանակի տոնը նշելիս առանձնահատուկ կարեւորությամբ նշվում է մեր օդային սահմաններն անառիկ պահելու խնդիրը: Երկինքը ցամաք չէ, այստեղ սահմանները խրամատներով չեն առանձնացվում ու հստակ մետրերով չեն հաշվվում: Թևոս և Քրիստինե Իլիկչյանները Հայոց բանակում հայտնվեցին, երբ անկախացումից հետո ստեղծվեց բանակի պարաշյուտային ծառայությունը: Թևոս Իլիկչյանը ՀՀ ԶՈւ Ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետն է, գնդապետ, համատեղությամբ նաեւ Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի նախագահն է: Դեռ 14 տարեկանից խորհրդային բանակում զինծառայության փորձ կուտակած, ներկայում կապիտան Քրիստինա Իլիկչյանը ՊՆ զորամասերից մեկում որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետն է։ Հենց ինքն էլ նախ պատրաստում է պարաշյուտային թռիչքներին, ապա արդեն ուղղաթիռից հրահանգավորում թռիչքները, լինեն դրանք ուսուցողական, թե մարտական:

Իրենց մասնագիտության մասին խոսելիս գնդապետ Թեւոս Իլիկչյանն այն նախ որպես ռոմանտիկ է բնութագրում:

Քրիստինան էլ ժպիտով է պատմում՝ ծնողները խիստ դեմ էին մասնագիտական ընտրությանը: Բայց հենց մասնագիտության բերումով էլ ծանոթացել են Թեւոսն ու Քրիստինան, թե որ տարիքում էին, դժվարությամբ են մտաբերում, բայց ծանոթությունը ճակատագրական պիտի լիներ:

Կուրսանտական անձնակազմի վերապատրաստումը, օդաչուական դասընթացների ղեկավարումը, պարաշյուտադեսանտային եւ պարաշյուտափրկարարական պատրաստության աշխատանքների կազմակերպումը Քրիստինայի ծառայողական պարտականություններն են, որոնց թվարկումը բավական երկար է տեւում: Ամուսիններով հանգիստ պատմում եւ ներկայացնում են իրենց անհանգիստ ծառայության մանրամասները: Իր կատարած 1883 թռիչքների մասին հարցին պատասխանելիս Քրիստինան առաջին հերթին այդ թիվը համեմատում է ամուսնու կատարած թռիչքների թվի հետ ու ժպտալով նկատում՝ նրա շուրջ 5000 թռիչքի դիմաց իր ցուցանիշերը դեռ ցածր են: Թռիչքները բարդ ու պարզ չեն լինում: Իլիկչյանները դրանք 2 մասի են բաժանում ՝ մարտական կամ ցուցադրական:

Ծառայողական նրբություններն էլ, պարտականություններն էլ ներկայացնելիս շատ են նախադասությունները, որ անավարտ են մնում, հարցեր կան՝ անպատասխան: Ծառայողական գաղտնիք են: Մարտական թռիչքների մասին շատ բան չի ասվում: Հարաբերական խաղաղության պայմաններում անգամ պարաշյուտային թռիչքները ռազմավարական կարևոր նշանակություն ունեն։ «Մենք նաեւ զինծառայողներին պարաշյուտով թռչել ենք սովորեցնում՝ պարանային, գրոհային ու այլ տեսակներով։ Սրանք կկիրառեն իրական օդային փրկարարական աշխատանքների ժամանակ, եթե կարիքը լինի: Պատերազմի ժամանակ մեր տղաների դերը մեծ է՝ ուղղաթիռով կարելի է դեսանտ իջեցնել հակառակորդի թիկունք»,-պարզաբանում է Թևոս Իլիկչյանը։

«Բարդ տեղանքում զինվորներին թռիչքի հրահանգ տալն արդեն սպորտ կամ զբաղմունք չէ, հետ կանգնել, վախին զիջել չկա: Ընդհանրապես թռիչքը սովորեցնում է խեղդել ամեն տեսակի վախ` նաև սովորական կյանքում»,-ասում են ամուսինները: Դեսատնային կամ որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ յուրաքանչյուր մանրուք ու ճիշտ հաշվարկ անվտանգ ու ճիշտ վայրէջքի գրավականն է։ Հայաստանի զինված ուժերում բոլոր այդ մանրուքները գնահատում ու պարաշյուտային թռիչքները հրահանգավորում են հենց Իլիկչյանները՝ ստուգել քամու արագությունը, ուղղությունը, վերջին պահին բարձրախոսով հրահանգավորել՝ ոտքերը իրարից չհեռացնել։ Սա դեռ այն է, ինչ ասվում է, իսկ արդեն պարաշյուտային թռիչքների ուղղության, ժամերի, դեսանտավորման ու փրկարարաորոնողական կարեւորագույն աշխատանքների դրվագների մասին լռում են: «Այսքան տարիների ընթացքում հատկապես զինվորների հետ աշխատելիս մենք արդեն հոգեբան ենք դարձել»,- ասում է Քրիստինա Իլիկչյանը:

Ներսեսը Թևոս Իլիկչյանի տղան է։ 18 տարեկան դեռ չկա, ծառայության նոր պիտի անցնի, բայց պարաշյուտային թռիչքների մեծ փորձ ունի արդեն: Ներքևից հայրն է հրահանգում, օդում մայրը։ Որդուն օդային բարձունքների ճանապարհելը դժվար է տրվել, հուզմունքով, բայց այդ մասին էլ արդեն ժպիտով են պատմում:

Ինչպես է ստացվում համատեղել նույն մասնագիտությունը նույն տանիքի ներքո: Տանն աշխատանքային թեմաներն առանձնապես չեն քննարկվում, պատմում է ամուսինը, աշխատանքային վայրում էլ մոռացվում են ընտանեկան կարգավիճակն էլ, կին-ամուսին հարաբերություններն էլ, այնտեղ գնդապետ ամուսնու հրահանգները կապիտան կնոջ կողմից քննարկման եւ բեկման ենթակա չեն: «Արդեն տանը դիրքերով փոխվում ենք»,- կատակում է գնդապետ Իլիկչյանը եւ խոսքը փոխանցում կնոջը, ով խոսում է կնոջ համար խիստ արտասովոր իր ծառայության մասին:

Այն ոչ կին է հարցնում, ոչ տղամարդ, ոչ գիշեր, ոչ ցուրտ: Ծառայությունը պարտադրում է իրենը՝  կուլ տալ երկնքի ու երկրի միջեւ տարածության ավելացմանը զուգահեռ աճող հուզմունքն ու վախը, որոնք մարտական պահերին պատասխանատվության անհաշվելի ծավալ են պարտադրում: Հենց այս պայմաններում են աշխատում գնդապետ ու կապիտան Իլիկչյանները, ամուսիններ, ովքեր առավելապես միմյանց հրաժեշտ են տալիս ցտեսության ամենաբացառիկ տարբերակով՝ հարցով՝ խնդիրը հասկանալի՞ է: Ծառայություն է, ու ծառայությունն իր խնդիրներն է դնում: Այն լիարժեք կատարելու համար նախ պետք է լիովին պատկերացնել խնդիրը: Մեր բանակն էլ հստակ գիտի իր խնդիրը: Այսօր տոն է ու նաեւ առիթ՝ հերոս ամուսինների համար:

Back to top button