Դժոխքը վերապրածներին ահաբեկելու փորձերը լուրջ չեն. ՀՀ նախագահ
«Ադրբեջանը տանուլ է տալու նաեւ դիվերսիոն պատերազմը»,-բանակի օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում այսօր համոզմունք է հայտնել մեր երկրի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ այսպես կոչված «դիվերսիաների պատերազմների» անհեռանկարայնությունն արդեն ակնհայտ է նույնիսկ նրանց համար, ովքեր մեզ անվանում են «թշնամի»: Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության և ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորանքներ ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանից՝ զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ: «Մենք հպարտանում ենք ձեզնով: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր մեծ նվիրումի և հայրենանվեր ծառայության համար: Այսօր պարգևներ ենք հանձնում, ցավոք, նաև հետմահու: Փա՛ռք նրանց հիշատակին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ մեր բոլոր ընկած տղաների համար մենք պատասխան ենք ապահովելու»:
Գերագույն գլխավոր հրամանատարից պարգեւ ստանալը մեծ հպարտություն է, բայց առավել մեծ պատասխանատվություն ու պարտավորություն է՝ դրված խնդիրներն ավելի արդյունավետ կատարելու համար:
«Երախտագիտության մեդալ»-ով պարգեւատրվեց նաեւ Ցվետանա Պասկալեւան: Նա իր խոսքն ուղղեց զոհվածների ծնողներին:
Պարգեւների արժանացածների ներկայությամբ էլ երկրի ղեկավարը հղեց բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը մեր հայրենակիցներին: Մեր երկրի և ժողովրդի համար բանակն ավելին է, քան պարզապես պետական կառույց՝ նկատեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Հայոց բանակը բառացիորեն ամեն օր և ամեն գիշեր պաշտպանում է մեր կյանքը՝ շատ հաճախ մարտի բռնվելով մեր հայրենիքի հանդեպ ոտնձգություններ կատարող ելուզակների դեմ:
«Այսօր մեր վզին փորձում են փաթաթել նոր տիպի պատերազմ, որովհետև բոլոր նախորդ տիպերի պատերազմներում նրանք տանուլ են տվել: Այսպես կոչված «դիվերսիաների պատերազմը» նույնպես տանուլ են տալու: Դրա անհեռանկարայնությունն արդեն ակնհայտ է նույնիսկ նրանց համար, ովքեր մեզ անվանում են «թշնամի»»:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարում մեզ՝ հայերիս, ոմանք որոշել են վախեցնել մարդասպանությամբ՝ հայասպանությամբ: 100 տարի առաջ կատարվածը պետականորեն մշակված և հաջող իրականացված ցեղասպանություն էր, որ կարող էր իրականացվել միայն հայկական պետականության բացակայության պայմաններում՝ շեշտեց մեր երկրի ղեկավարն ու հավելեց.
«Այսօր՝ այս տոնական օրը, դժվար հասկացողների համար ես մեկ անգամ ևս հայտարարում եմ. հայ ժողովուրդը վերադարձել է կյանք, վերադարձել է ժողովուրդների միջազգային ընտանիք իր պետականությամբ և բանակով: Նա վերադարձել է դժոխքից: Դժոխքը վերապրածներին ահաբեկելու փորձերը լուրջ չեն: Նման փորձերը ուշացած են առնվազն 100 տարով»:
Այսօր էլ Հարց է ծագում. ի՞նչ կապ ունեն 100 տարի առաջ կատարված դեպքերը մեր այսօրվա բանակի հետ: Արդյո՞ք, որևէ մեկի հիվանդ ուղեղում կա Հայաստանը վերացնելու ծրագիր: Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլև հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերին: Դրանք հնչում են բոլոր հնարավոր բարձրախոսներից: Ըստ նրանց՝ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ողջ տարածքը «պատմական ադրբեջանական» հողեր են, և այդ հողերը ենթակա են այսպես ասած` «ազատագրման»: Մենք շատ լավ գիտակցում ենք նման «ծրագրային» հռետորաբանության թիրախները՝ շեշտեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով:
«Իսկ ի՞նչ ենք ասում մենք: Ասում ենք՝ Արցախի ազատ ապրելու իրավունքը չի քննարկվում: Վերջակետ»:
Շարունակելով իր շնորհավորական ուղերձը՝ Հայոց ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը հիշեցրեց, որ ձևավորման օրվանից, մեր բանակը, երբ դեռևս պաշտոնական անվանում էլ չուներ, թրծվել է պատերազմի կրակների մեջ: Նա ծնվել է որպես մեր ժողովրդի ապրելու և ազատագրվելու կամք, որպես նրա հույսերի, իղձերի և անմահության առհավատչյա:
«Նման հզոր բանակ մենք վաղուց չենք ունեցել: Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մեր զինվորականներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, իսկ մեզ բոլորիս՝ խաղաղություն»: