Քաղաքական

Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

hasmikmartirosyan
Ստրասբուրգում մեկնարկել է  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի մեկնարկին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը հանդես է  եկել մամուլի ասուլիսով, և պատասխանելով լրագրողի  հարցին, այն մասին, որ ապրիլի 24-ին տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակումը և արդյո՞ք ԵԽԽՎ-ն կկատարի քայլեր, որոնք կօգնեն Թուրքիային՝ առերեսվելու սեփական պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որն էլ կօգնի 2 հարևան երկրների հաշտեցմանը։ ԵԽԽՎ նախագահն ասել է որ, ցավոք, ԵԽ անդամ երկրների միջև առկա են ոչ թե մեկ, այլ բազում բարդ հակամարտություններ։ «Սակայն ես հույս ունեմ, որ երկու կողմից կլինեն քայլեր, որպեսզի գտնվի լուծում։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն», -ասել է Անն Բրասյորը։ 

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 30-ը: Օրակարգում ընդգրկված հրատապ թեմաների շարքում Ուկրաինայում ստեղծված իրավիճակն է, մամուլի ազատության պաշտպանության հարցը Եվրոպայում, որի համար հիմք է հանդիսացել վերջերս Փարիզում տեղի ունեցած «Շառլի Էբդո» երգիծաթերթի նկատմամբ կատարված ահաբեկչությունը: Ի դեպ, ձմեռային նստաշարջանից առաջ ԵԽԽՎ կայքում հրապարակվեց Եվրոպայում մամուլի ազատության մասին բանաձևի նախագիծը, համաձայն որի Եվրոպայի մի շարք երկրներում կան ԶԼՄ-ների ու խոսքի ազատության լուրջ ճնշման դեպքեր:

ԶԼՄ-ների սպանված աշխատակիցների թվում հիշատակվել են Հրանտ Դինքը, Պավել Խլեբնիկովը, Աննա Պոլիտկովսկայան, ինչպես նաև Էլմար Հուսեյնովն ու Ռաֆիկ Թագին: Փաստաթղթում խոսք է գնում նաև Ադրբեջանում կալանքի տակ վերցված լրագրողուհի Խադիջա Իսմայլովայի մասին հարցը, ով ադրբեջանի իրավապահների կիզակետում է հայտնվել երկրի բարձրագույն ղեկավարության կոռուպցիոն փաստերը հետաքննելու գործի ընթացքում: Բանաձևը Բաքվին կոչ է անում անհապաղ ազատել կալանավորած լրագրողներին ու դադարեցնել նրանց հետապնդումները:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալ կա, որոնցից 41-ը համարվում են «խղճի բանտարկյալներ»: Իրենց հերթին Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ նշում, որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար:

«Հայացք» կիրառական քաղաքականության և վերծությունների կենտրոնի փորձագետ Գրետա Ավեստիսյանը կարծում է, որ ԵԽԽՎ բանաձևերը որպես կանոն զսպաման ժամանակավոր գործիք են հանդիսանում Ադրբեջանի իշխանությունների համար, սակայն ոչ կիրառելի:

«Այս բանաձևերը ձևական բնույթ են կրում և ապահովում են Ադրբեջանի զգոնությունը: Նույնիսկ Բարաք Օբամանա քննադատական խոսքեր հնչեցրեց Ադրբեջանի հասցեին, սակայն ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճում: Կարծում եմ, որ այո, որ նման բանաձև այս անգամ էլ ԵԽԽՎ նստաշրջանում կընդունվի, քանի որ Եվրոպային այս օրերին շատ են քննադատում «փափուկ և աչքերը փակելու քաղաքակնություն», որոնք տեղի են ունենում Ադրբեջանում և Թուրքիայում:  Մենք ունենք նման նախադեպ, անցյալ տարի ԵԽԽՎ կողմից ընդունվեց իրավախատումների վերաբերյալ բանաձև»:

Back to top button