Հասարակություն

ԿԳ նախարարը մասնակցել է Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի բացմանը

sonahakobyan
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին զուգահեռ Հայաստանի  կառավարությունը նախաձեռնել է արդիականացնել և բարելավել բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը` ներդնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման արդյունավետ սկզբունքներ և մեխանիզմներ: Այս առումով կարևոր նախաձեռնություն է Հայաստանի Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որը բարձրագույն կրթության բնագավառում նորարարությունների խթանման քաղաքականության կարևոր գործիք է: Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհներ ստացած 10 բուհերից մեկը  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն է, որտեղ ծրագրի շրջանակներում ստեղծվել է Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է կենտրոնի բացմանը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր բացվեց Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը: Կենտրոնն ինքնին ներկայացնում է փոքրիկ կինոստուդիա, որը հնարավորություն է տվել մշակել և ներդնել կինոարվեստի ուսուցման մաասնագիտությունների և մասնագիտացումների կրթական նոր ծրագրեր՝ խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, վավերագրական ֆիլմի ռեժիսուրա, անիմացիոն ֆիլմի ռեժիսուրա և այլ մասնագիտությունների համար: Ներկայացնելով կենտրոնի առավելությունները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը նշեց, որ կենտրոնի շնորհիվ բուհի ուսանողները հնարավորություն կունենան ստեղծագործել և ծրագրավորել մեդիայի ոլորտում, թիմերով աշխատել իրական նախագծերի վրա: Ինստիտուտն այսուհետ իր ուսանողներին կտրամադրի անհրաժեշտ լաբորատորիաներն ու տաղավարները:

«Մենք այսօր ունենք կինոտեխնիկա, որը մեզ ամբողջական արտադրություն անելու հնարավորություն է տալիս: Այն հնարավորություն է տալու սկսել ֆիլմը առաջինից մինչև ավարտական փուլը: Սա կարևոր ձեռքբերում է մեր ինստիտուտի համար»:

Կենտրոնը հնարավորություն կտա վերապատրաստել և ուսուցանել ինչպես դասախոսներին, այնպես էլ ուսանողներին՝ պատրաստելով աշխատաշուկայում հեռանկարային և պահանջարկված մասնագիտություններով շրջանավարտների: Կենտրոնի բացմանը մասնակցում էր նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Բոլոր լաբորատորիաներով և տաղավարներով շրջելուց հետո նախարարը նշեց, որ այս բուհը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում և այս ծրագրից հետո ևս կառավարությունը շարունակելու է աջակցել թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին:

«Եթե խոսենք թվերով, ապա միայն այս տարվա բյուջեով ինստիտուտը ստանալու է 37 մլն դրան ավել ֆինանսավորում: Բացի ենթակառուցվածքային զարգացումներից ինստիտուտը նաև ծրագրային զարգացման հնարավորություն կունենա: Ուզում եմ պարտավորեցնել ձեզ, որպեսզի այս թանկարժեք ձեռք բերված տեխնիկան ամբողջությամբ ծառայի իր նպատակին»:

Մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման նպատակն է նպաստել բուհերի կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, բուհերի կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը, ինչպես նաև կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներգրավմանը: Այդ ամենն իրականացնելու համար ԿԳ նախարարությունը հանրապետության 10 բուհերին տրամադրել էր 6 մլն դոլարին համարժեք դրամ:

Back to top button