Ամենատարեց միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավորի մահվանից հետո
Սաուդյան Արաբիայի թագավորի մահից հետո Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհին դարձել է աշխարհում ամենատարեց միապետը, գրում է gazeta.ru-ն:
Աբդալլա իբն Աբդել Ազիզը մահացել է 90 տարեկանում հիվանդանոցում, որտեղ գտնվում էր հունվար ամսվա սկզբից: Նրա մահվանից հետո գահը զբաղեցրել է 76-ամյա ժառանգորդ արքայազն Սալման իբն Աբդել- Ազիզ Ալ Սաուդը:
Ինչպես հիշեցնում է The Daily Mail-ը, Էլիզաբեթ II-ը ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին, այժմ նա 88 տարեկան է: Նա թագուհի է դարձել 25 տարեկան հասակում, իսկ 2013 թվականին նշվել է նրա իշխանության ադամանդե տարեդարձը:
Վերջին տարիներին Էլիզաբեթ II-ը և նրա 93-ամյա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, կրճատել են հեռավոր օտարերկրյա այցերի թիվը՝ այդ լիազորությունները տալով իրենց երեխաներին և թոռներին:
Նշվում է, որ սեպտեմբերի 10-ին Էլիզաբեթ II-ը կգերազանցի Վիկտորյա թագուհու ռեկորդը՝ Բրիտանիայում թագավորելու երկարատևության առումով: