Ձեռք է բերվել պայվանավորվածություն հայ և ռուս իրավապահների լիարժեք քննություն իրականացնելու վերաբերյալ
Այսօր շուրջ երեք ժամ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում կայացել է Հայաստանի ու ՌԴ-ի քննչական մարմինների ղեկավարներ Աղվան Հովսեփյանի և Ալեքսանդր Բաստրիկինի բանակցությունները: Նրանք բանակցություններից հետո լրագրողներին հարցազրույց չեն տվել: Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, լրագրողներին պարզաբանում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Երկու երկրների իրավազորության ներքո գտնվող քրեական գործերում շատ կարևոր էր, որպեսզի պատշաճ կարգով ձեռք բերվեն նաև ապացույցները, և քայլեր ձեռնարկվեն բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, որովհետև կան մի շարք հարցադրումներ, որոնք ենթական են պարզաբանման: Ակնհայտ է, որ լուրջ աշխատանքներ կան անելու քրեական գործով քննության բազմակողմանիությունն ապահովելու ուղղությամբ: Որպեսզի կարողանանք հանրությանը հուզող բոլոր հարցադրումներին տալ պատշաճ տեղեկատվություն, հարցերին պատասխանել, այսօր երկու երկրների քննչական կոմիտեների ղեկավարները որոշել են համատեղ և փոխգործակցված գործողություններ իրականացնել, կստեղծվի նաև աշխատանքը համակարգող մարմին»,- ասել է Սոնա Տռուզյանը:
Պատասխանելով հարցին, արդյո՞ք Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հանձնվելու է հայկական կողմին, նա ասել է, որ հանձնման ընթացակարգը բոլորովին այլ է:
«Այս փուլում խնդիր կա դրված, որ յուրաքանչյուր երկրի քննչական մարմնի հարուցած քրեական գործերի շրջանակում երկու երկրի քննչական մարմինները կարողանան լիարժեք քննություն իրականացնել: Քրեական գործի շահերից բխող պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի և մեր իրավապահ մարմինները կարողանան լիարժեք քննություն իրականացնել, և ռուսական կողմը»,- ասել է Սոնա Տռուզյանը:
Սոնա Տռուզյանի պարզաբանումը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ