Քաղաքական

Էրդողանի պատասխանը՝ ՀՀ նախագահի օգոստոսյան հրավերին

karenghazaryan

Ապրիլի 24-ին Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը նշելու Թուրքիայի քայլը քաղաքական որոշում է, որի միակ նպատակը Հայոց ցեղասպանության հիշատակման օրից միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է: Անդրադառնալով թեմային՝ թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն այսօր կարծիք է հայտնել, որ իր հայտնի հրավերով Էրդողանը պատասխանեց Հայաստանի նախագահի՝ դեռեւս օգոստոսին արված հայտնի հրավերին:

 

Այսպիսով՝ էրդողանը ոչ միայն մերժում է Հայաստանի նախագահի հրավերը, այլեւ՝  փորձում է սեփական այլ նախաձեռնությամբ հանդես գալ՝ ապրիլի 24-ին նշելով Դարդանելի գործողության 100-րդ տարելիցը: Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը նկատեց, որ սա Բաքու-Անկարա զույգի հակահայկական դրսեւորում է եւ ցույց է տալիս, որ այդ գիծը նրանք շարունակելու են:

Թուրքագետը անդրադարձավ նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան նամակին:

«Կարեւորում եմ պատասխան նամակում Սարգիս Թորոսյանի վերաբերյալ հիշատակումը: Այս պատմությունը բավականին հետաքրքիր ուղերձներ է պարունակում արեւմտյան լսարանի համար: Սարգիս Թորոսյանն օսմանյան բանակի սպա էր, ով հերոսությամբ աչքի էր ընկել Դարդանելի գործողությունում, մեդալներ էր ստացել թուրքերի կողմից, սակայն հենց նույն գործողության ժամանակ, երբ օսմանյան բանակի պատիվն էր պահում հայ սպան, թիկունքում նրա ընտանիքը բռնագաղթի էր ենթարկվում, կոտորվում»:

Ըստ թուրքագետի՝ Հայաստանի նախագահի պատասխան նամակից ինքը բավարարված է, միաժամանակ, սակայն, սպասում է նաեւ, հայտարարությունից զատ, հստակ քայլերի:

Թուրքիան հասկանալիորեն պատրանք ստեղծող եւ աղմուկ առաջացնող  գործողություններով է շարունակելու առաջ ընթանալ՝ ապրիլ 24-ին ընդառաջ ժխտողականությունը առավել քարոզելով: Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի գնահատմամբ՝ Թուրքիայի հիմնական խնդիրը միջազգային եւ իր հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից շեղելն է: Դա ինչ-որ չափով նրան կհաջողվի՝ կարծում է թուրքագետը: Ըստ նրա՝ հայկական կողմի կարեւորագույն քայլերից մեկը պետք է լինի ցեղասպանության հարցում պայքարի ռազմավարության փոփոխությունը.

«Որոշակի հիմքեր կան՝ քայլերը ակտիվացնելու նաեւ իրավական դաշտում, ինչպես նաեւ՝ ռեսուրսներ կան մեր աշխատանքներն ակտիվացնելու նաեւ Թուրքիայի հասարակության շրջանում»:

Back to top button