Հասարակություն

Երեւան փողոցներում լռություն էր

hasmikdilanyan
Երևանցիները սգում են Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի անդամներից վեցամսյա Սերյոժայի մահը: Առանց քաղաքական հնչերանգների ու ուղորդման այսօր երևանցիները սեփական նախաձեռնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքով անցնելիս, նկատելով վառվող մոմեր, մոտեցել ու լռությամբ են հարգել փոքրիկի մահը: Երևանի փողոցներում այսօր ավելի շատ լռություն էր:

Երևանի կենտրոնն, ավելի կոնկրետ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում այսօր անսովոր լռություն էր: Լռությունը ժամանակ առ ժամանակ խախտում էին տարածքում ճախրող աղավնիները՝ թերևս խորհրդանշելով երեկ կյանքից հեռացած վեցամսյա Սերյոժայի հոգու ճախրանքը: Երեկ երեկոյան սկսված մոմավառությունը շարունակվում էր նաև այսօր՝ մոմեր, ծաղիկներ ու խաղալիքներ, սփոփանքի խոսքեր չկան, վիշտը խորն է, համազգային, Ավետիսյանների ընտանիքի ողբերգական ավարտը արդեն մեկ շաբաթ, ինչ համախմբել է բոլորիս, մեկ շաբաթ կյանքի ու մահվան պայքարում փոքրիկ Սերյոժայի պայքարը մահով ավարտվեց: Փոքրիկի պապիկի տարիքի երևանցի տղամարդիկ էին արտասվում՝ դժվարությամբ հավատալով իրականությանը:

«Ցավալի վիշտ է, մինչև հիմա չեմ հավատում, ամբողջ մեկ ու կես շաբաթ լաց եմ լինում, ինչ անեմ, բոլորիս ցանկանում եմ համբերություն, սա մեր ազգի համար դաժանություն է: Բոլորիս ցավն է, բոլորս սգում ենք, նորից ենք վերապրում յոթ օր հետո»:

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի ողբերգական ավարտը միավորեց բոլորիս, երեկ վեց ամսական Սերյոժայի մահով մարեց նաև բոլորիս վերջին հույսը, գիտեինք՝ վիճակը ծանր էր, ներքին հավատով ,սակայն, աղոթում էինք ու հրաշքի սպասում: Փոքրիկի մահով ավարտված պայքարը երեկվանից նորից «աղ լցրեց մեր բաց վերքին»: Շատերն էին ցանկանում երեխայի փոխարեն զոհել սեփական կյանքը, հարազատի ջերմությամբ բարձրաձայն խոսում ոճրագործի հետ, մտերմիկ զրուցում քրոջ հետ ժպտացող Սերյոժայի նկարի հետ .«Անխղճություն էն էլ ի՞նչ ձևի, մտնում ես տանը, մորթում ես, Էն երեխեն ի՞նչ էր քեզ արել, ավազակ, ոնց ես էդ ձեռքերով մորթել էն երեխպուն: Մեռնեմ ջանիդ, բալես: Ուղղակի ցնցված եմ, գժվել եմ արդեն: Հարազատներս ասում են՝ պապի ջան, լավ էլի, ի՞նչ անի պապին, ավելի լավ էր պապին մեռներ էս երեխու փոխարեն»:

Երևանում այսօր լռության օր է, երեկվանից վառվող մոմերն աղոթք են առ Աստված՝ Ավետիսյանների հոգու, ինչպես նաև արդար քննության համար:

Back to top button